Ամերիկացի վերլուծաբան. ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում ավելի շատ հիասթափություն կա, քան լարվածություն

Ամերիկացի վերլուծաբան. ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում ավելի շատ հիասթափություն կա, քան լարվածություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Արտաքին քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, վերլուծաբան Ջերալդ Ռոբինսը մեկնաբանել է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների սրումը Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի վերջին հարցազրույցից հետո:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել էր, որ մարդու իրավունքների խախտումը, ժողովրդավարական ազատությունների ճնշումը, քաղաքացիական հասարակության ճնշումն Ադրբեջանում միայն վնասում է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին և հակասում է պաշտոնական Բաքվի շահերին:

«ԱՄՆ-ն ուշադիր հետևում է մարդու իրավունքների հետ կապված վիճակին Ադրբեջանում: Դա այն թեման է, որը մենք միշտ բարձրացնում ենք բարձր մակարդակով: Հիլարի Քլինթոնը մի քանի տարի առաջ Ադրբեջան այցելության ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն խորը հարաբերություններ է ստեղծում միայն ամենաժողովրդավարական երկրների հետ: Բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ մենք չենք լսում միմյանց ժողովրդավարության հարցում: Պարզ է, որ մենք տարբեր մոտեցումներ ունենք այս հարցում: Հայտնի է` ով ենք մենք և ինչպիսին է մեր դիրքորոշումը: Մենք գտնում ենք, որ մարդու իրավունքները խախտվում են, և մենք ասում ենք այդ մասին: Հաճախ կառավարությունն անում է բոլորովին ավելորդ բաներ, մենք ընդհանրապես չենք հասկանում, թե ինչու է այդպես ստացվում»,-ասել էր ԱՄՆ դեսպանը: «Ես ընդհանուր առմամբ համամիտ եմ դեսպանի գնահատականներին, որոնք դիվանագիտական ձևակերպումների տեսքով արտահայտում են ամփոփ տեսակետը Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,-ասել է «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում Ռոբինսը, որը 90-ականների կեսերին Բաքվում Freedom House ծրագրի ղեկավարն է եղել:

Վաշինգտոնի վերնախավի մի մասը կապված է Ադրբեջանի հետ, որը ռազմավարական դիրք ունի Ռուսաստանի ու Իրանի միջև: Հաշվի առնելով աճող վտանգներն այդ տարածաշրջանում, կայնության պահպանման անհրաժեշտությունը Կասպից ծովի ավազանում կարևոր հարցեր են: Ադրբեջանի էներգետիկ ներուժն, անկասկած, հաստատում է այդ կարծիքը ԱՄՆ ու Արևմուտքի մյուս երկրների դիվանագիտական շրջանակներում, գտնում է նա:

Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանի, կայունությունը կախված է ոչ միայն տարածաշրջանային հակամարտություններից, այլ նաև ժողովրդավարության մակարդակից, ինչի մասին էլ ասել է դեսպան Մորնինգսթարը: «Ընդհանուր առմամբ, սա մարտահրավեր է, որի հետ սովորաբար բախվում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, երբ ավելի մեծ քաղաքական ազատության պահանջը կարող է անկայունության ու անորոշության բերել: Արաբական գարնան հետևանքները լավ օրինակ են»,-ասել է Ռոբինսը: Վաշինգտոնի հորդորները տարածաշրջանում փոփոխությունների անհրաժեշտության մասին այլ արդյունք ունեցան:

Ինչ վերաբերում է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին, ապա վերլուծաբանը գտնում է, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում ավելի շատ հիասթափություն կա, քան լարվածություն:

«Եթե կայունությունն է հիմնական խնդիրը, ապա ինչպե՞ս կարող է զարգանալ ժողովրդավարությունը: Դա միաժամանակյա թե աստիճանական գործընթաց է: Կարելի է արդյո՞ք կառավարել ժողովրդավարացման գործընթացը: Այս հարցերին պատասխանելու համար իշխանություններն ու ընդդիմությունը պետք է քննարկեն դրանք ու ցրեն կեղծ պատկերացումները»,-գտնում է Ռոբինսը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո, վերլուծաբանն ասել է, որ ճգնաժամերն Ադրբեջանի հարևան տարածաշրջաններում, դժվարին կացության մեջ են դնում այդ երկրին:

«Գործողությունները Ղրիմում և Արևմտյան Ուկրաինայում զգուշացում են, որ Ադրբեջանի էներգետիկ ներուժը կարող է հեշտությամբ առգրավվել, հատկապես, եթե այն մրցակցի կամ հակասի ռուսական շահերին»,-գտնում է նա: Եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան լուռ հետևեն, ապա Բաքուն պետք է մեծ տագնապի մեջ լինի Արևմուտքի վճռականության հարցում, ասել է Ռոբինսը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ կան ռուսական սպառնալիքներին հակազդելու սահմանափակ տարբերակներ. «Դա ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնումն է Հարավային Կովկասում, հաշվի առնելով 2008 թ. իրադարձությունները Վրաստանում: Միևնույն ժամանակ Եվրոպան լրջորեն զսպում է իր գործողությունները ՌԴ էներգակիրներից կախված լինելու պատճառով»:

Անդրադառնալով ԱՄՆ արտաքին քաղաքականությանը տարածաշրջանում՝ Ռոբինսը նշել է, որ Օբամայի վարչակազմի դոկտրինը չի աշխատում և հարկավոր է առավել ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանում, հայտնում է Contact.az-ը:

Խոսքի ազատության հետ կապված իրավիճակն Ադրբեջանում զգալիորեն վատթարացել է, այդ երկիրը 84 միավորով այն երկրների ցուցակում է, որտեղ բացակայում է խոսքի ազատությունը, ասվում է Freedom Hous-ի զեկույցում: Ապրիլի 29-ին իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին իջեցրին Փարիզով Դոհա ուղևորվող ինքնաթիռից, չնայած, որ նրանք արդեն անցել էին սահմանային ստուգումը, նրանց 3-ժամյա նվաստացուցիչ ստուգման են ենթարկել: Հետո ձերբակալվածներին առանց պատճառները նշելու ու մեղադրանք ներկայացնելու տարել են իրենց բնակարան խուզարկության համար: Այժմ նրանցից քաղաքից չբացակայելու ստորագրություն է վերցվել:

Ավելի վաղ ձերբակալվեց լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հօգուտ Հայաստանի լրտեսության մեղադրանքով: Այդ «հանցագործությունը» նա իբր կատարել է 2008-2009 թթ.՝ ինչ-ինչ փաստաթղթեր փոխանցելով Լեյլա Յունուսի գլխավորած Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի միջոցառումների շրջանակում: Ուստի, մեծ է հավանականությունը, որ Յունուսներին մտադիր են մեղադրել այդ «հանցագործությանը» մեղսակից լինելու մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---