26 մայիսի 2006 - 19:43 AMT
Թուրքիան դրել է Ղարաբաղյան հակամարտության հիմքը, գտնում է հայ պատմաբանը
Մայիսի 25-ին Երեւանում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Հայկ Դեմոյանի «Թուրքիան եւ Ղարաբաղյան հակամարտությունը 20-րդ դարի վերջին-21-րդ դարի սկզբին» մենագրության շնորհանդեսը: Ըստ հեղինակի` կատարված աշխատանքը հանգեցնում է երկու հիմնական եզրակացության. Թուրքիան դրել է Ղարաբաղյան հակամարտության հիմքը, Ղարաբաղի հարցում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը նրան դարձնում է հակամարտության կողմ եւ միջնորդ լինելու իրավունք չի տալիս:

Մենագրության մեջ վերլուծվում է Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում` հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Առաջին անգամ ամփոփվել են այն նյութերը, որոնք վերաբերում են միջազգային ահաբեկչական ցանցում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներգրավվածությանը, Ղարաբաղյան հակամարտության գոտում Չեչնիայից եւ Աֆղանստանից վարձկանների բազմահազարանոց բանակի կիրառմանը, այդ գործընթացներում պաշտոնական կառույցների մասնակցությանը:

Ինչպես նշել է հեղինակը, ինքն օգտվել է հայկական, ռուսաստանյան, անգլիական, ֆրանսիական եւ թուրքական աղբյուրներից, որոնք հնարավորություն են տվել բացահայտել փաստեր, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը ռազմական եւ ռազմաքաղաքական օգնություն է ստացել Թուրքիայից:

«Թուրքիան եւ Ղարաբաղյան հակամարտությունը» գիրքը լույս է տեսել ռուսերեն լեզվով` ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի խոսքերով` Հայկ Դեմոյանի մենագրությունը սեղանի գիրք կդառնա հայ զինծառայողների համար, գրում է «Երկիրը»: