Թուրքիան, հավանաբար, Բաքվի խնդրանքով կբարձրացնի Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Թուրքիան, հավանաբար, Բաքվի խնդրանքով կբարձրացնի Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում: Այդ մասին սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան մտադիր է հիշեցնել դաշինքի կողմից Ադրբեջանին տրված խոստումների կատարման կարևորության մասին, ինչպես արվում է այլ երկրների դեպքում:

«Դա Ադրբեջանի իրավունքն է, երկրին տված խոստումները պետք է կատարվեն։ Թուրքիան պատրաստ է վճռական լինել այդ հարցում»,- ասել է Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է իր երկրի համար և երկրների միջև երկկողմ հարաբերությունների մակարդակի ցուցանիշ, հայտնում է Trend գործակալությունը:

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 1-ին խորհրդարանին ներկայացրեց 62-րդ կառավարության ծրագիրը, որտեղ հիշատակվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Մեր կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու տարածաշրջանում առկա լարվածության նվազեցումն է: Այս տեսակետից մենք կշարունակենք ջանքեր գործադրել Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության վերացման ուղղությամբ: Կշարունակվեն նաև հայ-թուրքական կարգավորմանն ուղղված մեր քայլերը: Ակնկալում ենք, որ Հայաստանը ոչ թե պատմական թշնամությամբ, այլ փոխադարձ շահերի և համագործակցության տանող, արդար հիշողության որոնմանն ուղղված համապարփակ ընկալմամբ կառաջնորդվի և մեր նախաձեռնություններին առաջադեմ մոտեցմամբ կպատասխանի»:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցնի սեպտեմբերի 4-5-ին՝ Ուելսում: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր, որ չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հավանականությունն Ուելսում: Սակայն այս տեղեկությունը չհաստատեց ոչ Երևանը, ոչ Բաքուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում: Սերժ Սարգսյանը նաև ելույթ կունենա:

ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս հանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---