Սիրիան` զզվելի բարբարոսության օրինակ. Կոնգրեսականները դատապարտում են հայկական եկեղեցու պայթեցումը

Սիրիան` զզվելի բարբարոսության օրինակ. Կոնգրեսականները դատապարտում են հայկական եկեղեցու պայթեցումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը, հաղորդում է Asbarez-ը:

Ներկայացուցիչներ Ֆրանկ Փալոնը, Ջիմ Կոստան, Ադամ Շիֆը և Սանդի Լևինը իրենց զայրույթն են արտահայտել գրոհայինների բարբարոսական գործողության կապակցությամբ:

«Ես խորապես վշտացած և վրդովված եմ Դեյր էզ Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող-եկեղեցու ոչնչացման կապակցությամբ: Այս եկեղեցին կանգնեցվել էր ի հիշատակ հարյուր հազարավոր հայերի, ովքեր մահացել են Դեյր էզ Զորի ճանապարհին: Օսմանյան թուրքերի հրամանով հայ փախստականներին Դեյր էզ Զոր էին ուղարկում մահանալու` որպես 20-րդ դարասկզբի ցեղասպանության մի մաս: Եկեղեցու ոչնչացումը, որը պատմության այս սարսափելի կետի հիշատակումն է, պետք է արձագանք ստանա միջազգային հանրության կողմից»,-ասվում է Փալոնի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ի կառավարությունը և տարածաշրջանային այլ միջազգային գործընկերներ պետք է աշխատեն պաշտպանել կրոնական փոքրամասնություններին և երաշխավորել, որ քրիստոնյա հայերը այդ գործողությունների թիրախում այլևս չհայտնվեն: Ընդառաջ գնալով Հայոց Ցեղասպանության 100-ամյակին` մենք պետք է հիշենք, որ մեր պարտականությունն է դիմագրավել ամբողջ աշխարհում հայերին թիրախավորողներին և կանխենք հետագա բռնությունները»,-ավելացրել է Փալոնը:

«Ես խստորեն դատապարտում եմ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության կողմից» Հայոց Ցեղասպանության հուշակոթողի ավերում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կոստան:

«Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:

Իսկ Ադամ Շիֆը իր հայտարարությունում նշել է, որ Սիրիան զզվելի բարբարոսության ևս մեկ օրինակ է դարձել, որը սասափեցնում է միլիոնավոր մարդկանց Սիրիայում և Իրաքում:

«Փաստը, որ եկեղեցին նվիրված էր ցեղասպանության զոհերին, միաժամանակ և հոգեցունց է, և սասափելի նախանշան է, թե ինչպես է «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» սպառնում Սիրիայի քրիստոնյաներին, եթե դրանք հետագայում ընդլայնեն իրենց տարածքները: Մենք միջազգային կոալիցիայի աջակցության կարիքն ունենք, որը ներկայում օդային հարվածներ է իրականացնում Սիրիայում Իրաքում»,-ասվում է Շիֆի հայտարարության մեջ:

Սանդի Լևինը նույնպես անդրադարձել է Դեյր էզ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը: «Ես խստորեն դատապարտում եմ Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից Հայոց ցեղասպանության հուշակոթողի ավերումը»,-Twitter-ում գրել է Լևինը, գրում է Panorama.am-ը:

Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` միանալով Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին ու խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը:

«Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ: Ինչպես նշել է պետքարտուղար Քերին, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը»,-ասվում է հայտարարության տեքստում:

Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։

Տարիներ շարունակ այն դարձել էր ուխտատեղի, ուր այցեր են կազմակերպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Հայ օգնության միությունը»։ 2010 թվականի մարտին այս վայրն է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, ուր ակնկալվում էր, որ նա պետք է հայտարարեր ֆուտբոլային դիվանագիտության դադարեցման մասին, սակայն մի շարք պատճառներով դա տեղի չունեցավ։ Դեր Զորում, մինչև ռազմական գործողությունները բնակվում էր մոտ 20 հայ ընտանիք։

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Բախումների արդյունքում Հալեպում հրկիզվել է նաև Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Այն ևս հայտնվել էր բախումների կիզակետում, ապա հրկիզվել և ավերվել ։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Սուրբ Գևորգը կառուցվել էր Ցեղասպանությունը վերապրած և Հալեպում հաստատված հայրերի նախաձեռնությամբ և ուժերով։

 Ուշագրավ
---