Օբաման քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը

Օբաման քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Clinton Global Initiative միջոցառման ընթացքում ելույթի ժամանակ քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը:

Ինչպես ասվում է ԱՄՆ նախագահի կայքում, Օբաման հիշատակել է Ադրբեջանը հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակման համատեքստում:

«Ռուսաստանից մինչև Չինաստան ու Վենեսուելա մենք տեսնում ենք այլախոհության ճնշում: Ադրբեջանի պես վայրերում նույնիսկ օրենքներն են խոչընդոտում ՈԿԿ-ների գործունեությանը: Հունգարիայից մինչև Եգիպտոս անհամար են քաղաքացիական հասարակությունը սանձելու, ահաբեկելու կամ ճնշելու փորձերը»,- ասել է նա:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին Ադրբեջանում ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստ ու իրավապաշտպան տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Վերջին աղմկահարույց դեպքերից է ՄԱԿ կտտանքների կանխարգելման ենթակոմիտեի անդամ փորձագետներին չկայացած այցը քրեակատարողական հաստատություններ: Խոչընդոտների պատճառով ՄԱԿ փորձագետները ստիպված էին ժամանակից շուտ դադարեցնել գործունեությունն Ադրբեջանում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---