Նոյեմբերի 2-ին Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում անցան առաջին նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ըստ նախնական տվյալների, Դոնեցկում ձայների մեծամասնությունը՝ 81 տոկոս է հավաքել աշխարհազորայինների գործող առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն: Լուգանսկում առաջատարն է Իգոր Պլոտնիցկին, որը վերջին շրջանում գլխավորում է Լուգանսկի աշխարհազորայիններին, մոտավորապես ձայների 63 տոկոսով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զգուշացրել է, որ այդ, ինչպես նա ասել է «պսեվդոընտրությունները», միայն կսրեն հակամարտությունը: «Մինսկի արձանագրությունը նախատեսում է տեղական մարմինների արտահերթ ընտրություններ Դոնբասի առանձին շրջաններում բացառապես Ուկրաինայի ընտրական օրենքի համաձայն: Ուստի միջազգային պայմանավորվածությունների կոպիտ խախտումը սպառնալիքի տակ է դնում խաղաղ գործընթացը: Ուկրաինան համարժեք կարձագանքի այդ մարտահրավերին»,-ասվում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ինքնաձիգերի և տանկեի թնդանոթների թիրախում Դոնբասի երկու ահաբեկչական կազմակերպությունների կազմակերպած այս ֆարսը սարսափելի իրադարձություն է, որն ընդհանուր ոչ մի բան չունի իրական կամարտահայտության հետ»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է BBC-ին:
2014-ի հոկտեմբերի 7-ին Մինսկում Ուկրաինայի կենտրոնական իշխանության և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները իշխանությունները համաձայնության եկան հրադադարի մասին և հակամարտող կողմերի միջև բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:
Մոսկվան, հակառակը, ընտրությունները համարում է կայացած: «Ընտրությունները Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ընդհանուր առմամբ անցել են կազմակերպված, ընտրողների բարձր մասնակցությամբ: Մենք հարգում ենք Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչների կամարտահայտումը: Ընտրված ներկայացուցիչները մանդատ ստացան շրջաններում նորմալ կյանքի վերականգնման գործնական խնդիրները լուծելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԵՄ առաջնորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ նոյեմբերի 2-ի ընտրությունները մտադիր չեն ճանաչել: Իսկ Վաշինգտոնը մեղադրեց Մոսկվային զորքերը ռուս-ուկրաինական սահմանին մոտեցնելու մեջ: Նման հայտարարություն է արել նաև Սպիտակ տանը կից ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մարկ Սթրոխը:
«Մենք զգուշացնում ենք Ռուսաստանին, որ նա որպես պատրվակ չօգտագործի ապօրինի քվեարկությունը Դոնբասում լրացուցիչ զորք ու զինամթերք Ուկրաինայի տարածք մտցնելու համար, հատկապես, վերջին վկայությունների լույսի ներքո, առ այն, որ ռուսական բանակն իր ուժերը կրկին մոտեցնում է Ուկրաինայի արևելյան սահմաններին»,-ասել է Սթրոխը, սակայն ոչ մի ապացույց չի բերել, գրում է gazeta.ru-ն: