8 նոյեմբերի 2014 - 14:19 AMT
Հրադադարը մեկ շաբաթում խախտվել է մոտ 300 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հրադադարը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հոկտեմբերի 11-18-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 550 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

ՀՀ և ԱՀ նախագահներն այս տարի արդեն երեք անգամ հանդիպել են: Դրանցից վերջինը հոկտեմբերի 27-ին էր Փարիզում: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: