Շվեդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող հիշատակության միջոցառումների շրջանակում կազմակերպել նաև միջոցառումներ` նվիրված ասորիների ցեղասպանությանը: Շվեդիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էվա Օհլսոնի և ասորի պատգամավոր Ռոբերտ Հաննահի ներկայացրած առաջարկությունն ապրիլքսանչորսյան միջոցառումներից բացի նախատեսում է 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ցուցահանդեսի կազմակերպում:
Թուրքական Democrat haber-ին հղումով Ermenihaber-ը գրում է, որ առաջարկության մեջ նշվում է` 1915-ին սկսված և ավելի քան 1 միլիոն հայերի, հարյուր հազարավոր ասորիների, քաղդեացիների ու Պոնտոսի հույների կյանք խլած ցեղասպանությունը (ասորերեն՝ Սեյֆո) շարունակվել է մինչև 1923 թվականը:
Ասորի պատգամավորը, իր ելույթում նշելով, որ այսօր Շվեդիայում բնակվող 150.000 ասորիները 1915-ի իրադարձությունների հետևանքով Օսմանյան կայսրությունից գաղթածների սերունդներն են, ասել է, թե Շվեդիայի ներկայիս ամենամեծ ազգային փոխրամասնությունը հենց Սեյֆոի հետևանքն է:
Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Փաստաթուղթը պատրաստել էր 15 կուսակցության պատգամավոր: Օրինագիծը, բացի հայերի ցեղասպանությունից, դատապարտում է նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանություները: Դրա ընդունումը կանխելու նպատակով պաշտոնական Անկարան ակտիվ քարոզչություն էր իրականացնում` գործի դնելով նաև տեղի ամբողջ համայնքը: