Հալեպի միջնաբերդի մոտ կատաղի մարտեր են

Հալեպի միջնաբերդի մոտ կատաղի մարտեր են

PanARMENIAN.Net - Սիրիական բանակի և զինյալ ընդդիմության կազմավորումների միջև Հալեպի միջնադարյան միջնաբերդի պատերի մոտ կատաղի մարտեր են ընթանում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը սիրիական «Սուրիո ալ Էն» լրատվականին հղումով, գրոհայինները հարձակվել են սիրիացի զինծառայողների դիրքերի վրա Օմեյադի Մեծ մզկիթի շրջանում:

Հրթիռահրետանային գնդակոծման են ենթարկվել Էզ Զահրա, Մեյսալուի, Համիդիե, Մասկին-Սաբիլ թաղամասերը, Նիլ փողոցը և պալատը հին քաղաքում: Այնտեղից հաղորդագրություններ են ստացվում խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների մասին:

Ինչպես հայտնում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, ապստամբները փորձել են գրոհելով հասնել Հալեպի կենտրոնական Սեբահ Բահրատ հրապարակին: Նրանք պայթեցրել են ականապատ թունելը, որը փորվել էր Հան էշ Շունա թաղամասի առևտրի տաղավարների տակ: Պայթյունից փլվել են Սուլթանիե մզկիթի պատերը, որը ХIII դարի եզակի ճարտարապետական հուշարձան է: Այն կառուցել էր էմիր Գիհաս էդ Դին Ղազին՝ խաչակիրներին հաղթած լեգենդար զորավար Սալահ էդ Դինի որդին:

Քաղաքի արևմտյան մասում հարձակման են ենթարկվել անցակետերը Ռաշիդին թաղամասում: Հալեպի արևմտյան մասի գնդակոծություններն ու գրոհներն այդ ուղղությամբ հաջորդեցին կառավարական ուժերի հաջող գործողություններին, որոնք շրջափակեցին ընդդիմադիրների հենակետերը հյուսիսային և արևելյան շրջաններում:

Փողոցային մարտերի մասին հաղորդագրություններ են ստացվում Մասակին-Հանանու թաղամասից: Զորքերը գրոհում են Ջանդուլ հրապարակի և Կաստիլո արվարձանի ուղղությամբ: Այդ շրջաններն առանցքային են գրոհայինների համար: Եթե նրանք կորցնեն այդ շրջանները, ապա կշրջափակվեն ու կմատնվեն պարտության:

Ըստ «Աշ Շարք ալ Ասուաթ» թերթի, վերջին 5 ամսում Հալեպում այժմ ամենաթեժ մարտերը ծավալվում են ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի միջնորդական ջանքերի ֆոնին, որը փորձում է հրադադարի հասնել կառավարական ուժերի և զինյալ ընդդիմադիրների միջև: Իտալացի դիվանագետը, որը նոյեմբերին էր այցելել Դամասկոս, այժմ Թուրքիայում է: Ստամբուլում նա արդեն բանակցել էԸնդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Հադի ալ Բահրայի հետ: Ինչպես ակնկալվում է, ավելի ուշ նա կմեկնի Սիրիային սահմանակից Գազիանտեպ: Դե Միստուրան հուսով է, որ այնտեղ կհանդիպի Հալեպում գործող զինյալների հրամանատարի հետ: Սիրիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ սատարում է ՄԱԿ ներկայացուցչի գործողություններին:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, Սիրիայում և Իրաքում մոտ 13,6 միլիոն մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված անձ, որից ևս 7,2 մլն Սիրիայի ներքին տեղահանված անձիք են, 3,3 մլն՝ փախստականներն այդ երկրից: Մոտ 200 հազար մարդ զոհվել է: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---