15 դեկտեմբերի 2014 - 13:24 AMT
Նազարբաև. Մենք կվավերացնենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Աստանա կատարած այցի շրջանակում:

Մեդվեդևն ու Նազարբաևը մասնավորապես կարևորել են այն հանգամանքը, որ հունվարի 1-ից սկսում է գործել Եվրասիական տնտեսական միությունը և վստահություն են հայտնել, որ հետագայում

ապրանքաշրջանառությունը կաճի: Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է, որ ապրանքաշրջանառության նվազում է գրանցվում միայն դրամական միջոցների կտրվածքով, մինչդեռ գործակցության ֆիզիկական ծավալն աճում է, գրում է Ինտերֆաքսը: Նա վստահություն է հայտնել, որ կոնյուկտուրան կբարելավվի ու ԵՏՄ-ն ընդհանուր օգուտ կբերի: «Դեկտեմբերի 23-ին հանդիպում կլինի Մոսկվայում: Մենք կվավերացնենք Հայաստանին (ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը՝ խմբ.): Գուցե, Ղրղզստանն էլ պատրաստ լինի»,-ասել է Նազարբաևը:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Անցած շաբաթ մի շարք հայկական ԶԼՄ-ներ ենթադրություն արեցին, որ հունվարի 1-ին նախատեսվող ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է կրկին հետաձգվել, քանի որ Ղազախստանի երկպալատանի խորհրդարնը չի հասցնի վավերացնել Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: