ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինը խոսել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի մասին:
Ռիվլինը թեմային անդարդարձել է Գլխավոր ասամբլեայի Հոլոքոստի հիշատակի արարողության ժամանակ. երբ ելույթում պաշտպանում էր Իսրայելը պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներից, փոխանցում է Asbarez պարբերականը:
«Երբ 1915-ին հայ ժողովրդին կոտորում էին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակիցների հետ գործակցող հրեական լրտեսական ցանցի՝ Նիլիի ղեկավար անդամներից Ավշալոմ Ֆայնբերգը գրել է հետևյալը. «Ատամներս սեղմում եմ վախից, թե ով է լինելու հաջորդը: Երբ քայլում էի Երուսաղեմի փողոցներով, հարցնում էի ինքս ինձ՝ արդյո՞ք մենք ապրում ենք ժամանակակից՝ 1915թ., թե՞ Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի օրերին: Արդյո՞ք ես՝ հրեաս, մոռացել եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցնում էի ինքս ինձ, թե արդյո՞ք իրավունք ունեմ միայն իմ ժողովրդի ցավերը ողբալի, և արդյո՞ք Երեմիա մարգարեն էլ արցունք չի թափել հայերի համար:
Ավշալոմ Ֆայնբերգը գրել է դա ուղիղ 100 տարի առաջ: Ժխտման և երկմտանքի 100 տարի: Բայց այն ժամանակվա Իսրայելում, Երուսաղեմում, որտեղ ես եմ ծնվել, ոչ ոք չէր ժխտում տեղի ունեցած կոտորածները: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողներն ու մեր ընտանիքի անդամները տեսել են հազարավոր հայերի ժամանելը. գալիս էին սովամահ, աղետից մազապուրծ ողորմելի մարդիկ: Երուսաղեմում նրանք ապաստան գտան, և սերունդները մինչ օրս շարունակում են ապրել այնտեղ:
Այն ժամանակ 2 հարց էր շրջանառվում` ու՞մ հերթն է հաջորդը, և արդյո՞ք մենք՝ հրեաներս էլ ուրիշի ողբերգության համար արյուն-արցունք կթափենք: Առաջին հարցին պատասխանեց պատմությունը. հրեաները հաջորդն էին»,- ասել է Ռիվլինը:
Haaretz-ը՝ նկարագրելով ելույթը, գրում է, որ Ռիվլինն անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, Ռիվլինը չի արտասանել «ցեղասպանություն» բառը հայերի ջարդերը նկարագրելիս: