Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ-ում սպանության դեպքը. Մարտին Կարապետյանն ազատվել է պետի պաշտոնից (թարմացված)

Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ-ում սպանության դեպքը. Մարտին Կարապետյանն ազատվել է պետի պաշտոնից (թարմացված)

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն: Նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է դիմումը։ Ավելին՝ վերջինս հանձնարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից, գրում է Tert.am-ը:

Փետրվարի 29-ին ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում կախված վիճակում հայտնաբերվել էր ինստիտուտի ծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։

Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկում հունվարի 29-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հունվարի 31-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, կատարված հանցագործության հետ ուղղակի և անուղղակի առնչվող մեղավորների շրջանակը պարզելու ուղղությամբ հարուցված ծառայողական քննության արդյունքների մասին զեկուցել է ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:

Անդրադառնալով միջադեպին` պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ տեղի ունեցածը չափազանց մեծ ցավ ու ողբերգություն է և թիկունքից հարված է ամբողջ զինված ուժերին: Լսելով դեպքին առնչվող բոլոր նյութերի մանրամասները` նախարարն իր վրդովմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ որոշ սպաների անհետևողական աշխատանքի, ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով զորամասում գլուխ են բարձրացրել արատավոր բարքերը, որոնց արդյունքում էլ ծնվել է հանցագործությունը:

Խստորեն հանդիմանելով ուսումնական զորամասի ամբողջ հրամկազմին` Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմել հեռանկարային պլան` հայտնաբերված թերությունները վերացնելու և ուսումնական գործընթացը հիմնովին բարելավելու ուղղությամբ: Դեպքի առթիվ կատարվող նախաքնննությունը շարունակվում է:

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---