ԶԼՄ-ներ. Գազի գնի նվազեցման շուրջ ՌԴ-Թուրքիա բանակցությունները փակուղի են մտել

ԶԼՄ-ներ. Գազի գնի նվազեցման շուրջ ՌԴ-Թուրքիա բանակցությունները փակուղի են մտել

PanARMENIAN.Net - Թուրքիայի համար ռուսական գազի գների նվազման շուրջ բանակցությունները, որոնց հաջող ընթացքի մասին հայտարարվեց փետրվարին, փակուղի են մտել: «Գազպրոմն» ու թուրքական «Botas»-ը չեն կարողանում որոշել, թե բանաձևի որ բաղադրիչի հանդեպ պետք է կիրառվի 10,25%, զեղչը, գրում է «Կոմերսանտը»:

Ինչպես ասվում է հոդվածում, այդ վեճերը կասկածի տակ են դնում նաև լայնածավալ քաղաքական պայմանավորվածությունները Մոսկվայի ու Անկարայի միջև «Թուրքական հոսքի» կառուցման վերաբերյալ՝ Թուրքիան ձգձգում է նախագծի իրագործման թույլտվությունը:

Անկարան գազամուղի գործոնն օգտագործում է թեթևացնելու համար տեղացի ներկրողների վիճակը, որոնք տուժում են լիրայի արժեզրկումից, նշում են նյութի հեղինակները փորձագետների վրա հղումով:

Բանակցությունների ձախողման մասին իր հերթին գրեց նաև թուրքական Hurriyet-ը:

«Կոմերսանտի» աղբյուրների համաձայն, կողմերը տարակարծիք են զեղչի հարցում. «Գազպրոմը» ցանկանում է, որ այն կիրառվի պայմանագրային գնի համար, իսկ «Botas»-ը՝ հիմնական: Վերջին տարբերակն ավելի շահավետ է թուրքական կողմին, թեև այժմ, ըստ պարբերականի հաշվարկների, տարբերությունը հաշվարկի երկու եղանակների միջև կազմում է ընդամենը մի քանի դոլար հազար խորանարդ մետրի համար, սակայն երբ նավթի գները սկսեն աճել, տարբերությունն ավելի զգալի կդառնա:

Անցյալ տարի Ռուսաստանը խոստացավ 2015-ի հունվարի 1-ից նվազեցնել գազի գինն Անկարայի համար 6 տոկոսով և ավելացնել գազի առաքումը Թուրքիա 3 մլրդ խմ-ով: Մոսկվան 2014-ի դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» գազամուղի կառուցումից, որը պետք է անցներ Սև ծովի հատակով, շրջանցելով Ուկրաինան` պայմանավորվելով Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման մասին:

Նշվում է, որ «Գազպրոմը» շահագրգռված է որքան հնարավոր է արագ սկսել գազամուղի կառուցումը, բանվորներն արդեն 4-րդ ամիսն է սպասում են բուլղարական Վառնայում և ընկերությունը վճարում է նրանց պարապուրդի համար: Սակայն «Գազպրոմն» աշխատանքները սկսելու համար պետք է Անկարայից առնվազն թույլտվություն ստանա Թուրքիայի տարածքային ջրերում նախագծային հետազոտությունների համար՝ խողովակաշարի ստորջրյա հատվածը կառուցելու նպատակով:

Հարցումն ուղարկվել է հունվարի վերջում, սակայն թույլտվություն մինչ օրս չկա: Սակայն, ինչպես գրում է «Կոմերսանտը», թուրք պաշտոնյաները խուսափում են մանրամասն մեկնաբանել նախագծի ապագան՝ գերադասելով խոսել Ադրբեջանից TANAP գազամուղի մասին:

Ի դեպ, մարտի 17-ին TANAP գազամուղի շինարարությունը մեկնարկեց, այդ նպատակով Թուրքիայում է գտնվում Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը, որը պատասխանատու է ԵՄ էներգամիության ստեղծման համար: Ըստ նախագծի, Թուրքիան պետք է առանցքային երկիրը դառնա, որի տարածքով գազը Կասպից տարածաշրջանից կհասնի հարավարևելյան Եվրոպա:

Անդրադառնալով «Թուրքական հոսքին»՝ Շեֆչովիչը կրկին մատնանշել է նախագծի ոչ բավարար մշակված լինելը՝ հայտարարելով, թե որոշումը «չի կարող կայացվել առանց Եվրահանձնաժողովի, սպառողների հետ խորհրդակցությունների»:

Մարտի սկզբին հայտարարվեց, որ Թուրքիան գործարք է կնքել «Գազպրոմի» հետ, որը համաձայնվել է Անկարայի համար գազի գինը նվազեցնել 10,25 տոկոսով:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է պարբերականը, Թուրքիան ևս շահագրգռված է որքան հնարավոր է շուտ ռուսական գազի գինը նվազեցնելու մեջ: Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել դոլարի համեմատ, գազ ներկրողների մարժան, որոնք վառելիքը գնում են դոլարով, կտրուկ անկում է ապրում:

Փետրվարի սկզբին ռուսական ԶԼՄ-ները գրեցին, որ Անկարային չհաջողվեց զեղչ ստանալ Ռուսաստանից առաքվող գազի համար»: Անկարան ու Մոսկվան այդպես էլ չլուծեցին ՌԴ-ից Թուրքիա առաքվող գազի գնի զեղչման հարցը: Ընդ որում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարեց, որ Անկարան մտադիր է 15 տոկոս զեղչ ստանալ:

Նշվում է, որ անցյալ տարի Թուրքիա է առաքվել 26,7 մլրդ խմ ռուսական գազ, իսկ 2015-ին նախատեսվում է ավելացնել առաքումների ծավալները մինչր 30 մլրդ խմ:

Akfel, Bosphorusgaz և Kibar Enerji ընկերությունները 30 տարվա գազի ներկրման արտոնագիր ստացան, իսկ Batı Hattı-ը՝ 23 տարվա: Նրանք ամեն տարի 6 մլրդ խմ գազ կներկրեն Թուրքիա Ռուսաստանից: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 2015-ի հունվարից ռուսական գազի հազար խորանարդ մետրը մասնավոր ընկերությունները գնում են 390 դոլարով: Նախկինում Թուրքիայի մասնավոր ընկերությունները ներկրման համար վճարում էին 322 դոլար:

Ռուսաստանից թուրքական պետական խողովակաշարային Botas ընկերության ներկրած գազի հազար խմ գինն Անկարայի համար արդյունքում հասնում է 415 դոլարի, ինչն այս պայմաններում չի բխում նրա շահերից: Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ռուսական գազի գինը «վնասում է պետբյուջեին»: Չի բացառվում, որ այդ խնդիրը լուծելու համար Անկարան կդիմի Միջազգային վերաքննիչ դատարան:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---