Թուրքական Today's Zaman պարբերականում հրապարակված հոդվածում վերլուծաբան Յավուզ Բայդարը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և Էրդողանի կողմից հայ-թուրքական հաշտեցման գործընթացի տապալմանը, հայտնում է Panorama.am-ը::
«Ամոթի ամենամեծ բաժիններից մեկը, որն ուղիղ 100 տարի առաջ գրվել է այս տանջված հողերի ղեկավարության կողմից, ամբողջությամբ բաց է մնում՝ 100 տարի անց մեր աչքերի առջև բաց թողնելով հայերի սրտերի բոլոր վերքերը»,- գրում է հոդվածագիրը:
Վերջինիս դիտարկմամբ` որքանով մոտենում է Հայոց մեծագույն ողբերգության 100-րդ տարելիցը ցեղասպանության ենթարկված հայերի ժառանգները իրենց հարց են ուղղում` արդյո՞ք Անկարան ցավակցություն կամ զղջման խոսք կասի տեղի ունեցածի կապակցությամբ, կամ արդյո՞ք թուրքական կառավարությունը կստանձնի որոշակի պատասխանտվություն 1915-1918թթ-ին մարդկության դեմ իրագործած հանցագործության համար և դրա համակարգված ագրեսիվ ժխտողականության համար:
Հոդվածագիրը նկատում է, որ թեև թուրք հասարակության «լուռ մեծամասնությունը» անտարբեր է 100-րդ տարելիցի նկատմամբ, բայց պաշտոնական Անկարայի համար շարունակում է դոմինանտ լինել ապրիլի 24-ի օրակարգը և մասնավորապես այն հարցը, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոսքում կօգտագործի «G-word» (ցեղասպանություն բառը): Այս առումով, ըստ հեղինակի, 100-ամյակի հետ կապված մնացյալ ամեն ինչ Անկարայի համար որևէ նշանակություն չունի:
Շարունակելով` հոդվածագիրը գրում է, որ Անկարայի այս «իրական քաղաքականությանը պետք է հավելենք երկու հակադիր գործընթացներ»: Ըստ հեղինակի` առաջինը այն է, որ Էրդողանը և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հասկացել են, որ պետք չէ «ճոճել ընտրազանգվածի ազգայնական հատվածի նավակը»:
Այս առումով հոդվածագիրը նկատում է, որ տևական ժամանակ է, ինչ Էրդողանը գիտակցաբար ժխտողականության պետական հռետորաբանության դիրքերից է հանդես գալիս` երբեմն հայերի հանդեպ թշնամություն հրահրող լեզու օգտագործելով: Իսկ ներկայում էլ զբաղված է թուրք հասարակությանը Գալիպոլիի ճակատամարտի, որը նշվում էր մարտի 18-ին, առիթով անցկացվող միջոցառումներին նախապատրաստելով: Այստեղ հեղինակը նկատում է, որ Գալիպոլիի հիշատակումը հիանալի նորություն էր պետության ներսում առկա ժխտողականների, ինչպես նաև բոլոր մակարդակի ազգայնականների համար:
Որպես երկրորդ գործընթաց` հոդվածագիրը նշում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման ֆոնին Էրդողանը իրավիճակն ավելի սրեց` քննադատության ենթարկելով Կոնգրեսի անդամներին: Արդյունքում, ըստ հոդվածագրի, այդ ամենը խթան հանդիսացան 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձևի ընդունմանը: Հատկանշական է, որ թուրք հոդվածագիրը բանաձևի մասին նշում է, որ «այս անգամ Սպիտկան տանը հավանաբար դժվար կլինի դիմակայել դրան»:
Ամփոփելով` հոդվածագիրը նկատում է, որ ինչպես թուրք հասարակությանը վերակազմավորելու բազմաթիվ հնարավորությունների դեպքում, այնպես էլ Թուրքիան սոցիալական և քաղաքական հաշտեցման բերելու առումով Էրդողանը կարող էր շատ բան արած լինել, սակայն նրա մեջ արթնացավ բազմաթիվ հաղթանակներով խրախուսված ազգայնականը, ինչի արդյունքում էլ այդ գործընթացները տապալվեցին: Նույն հիմքով էլ, ըստ հոդվածագրի, տապալվեցին նաև հայ-թուրքական արձանագրությունները:
«Այնպես որ հաշտության կողմնակից բարեկամներ Ձեր սպասելիքները այս տարի ևս նվազագույնի հասցրեք, պաշտոնական Անկարան չի փոխվել»,- գրում է հոդվածագիրը:
Ի դեպ, հոդվածագիրը նաև կեղծ և շինծու է համարում թուրքական կառավարական մամուլի էջերում հայտնված այն լուրերը, թե իբրև ԱՍԱԼ-ի մարտիկները սպառնալիքներով նամակներ են հղել այն բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր ընդունել են Գալիպոլիի Էրդողանի հրավերը: