14 ապրիլի 2015 - 18:14 AMT
Ազնավուրը Երևանում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը։

Ինչպես փոխանցում է Le Parisien-ը, շանսոնյեն անդրադարձել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը։ Լրագրողի հարցին, թե երգչի կարծիքով՝ ի՞նչ կփոխի Հռոմի պապի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման հարցում, շանսոնյեն պատասխանել է.

«Հռոմի պապի հայտարարությունը կարող է շատ բան փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում՝ թուրք երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև կցանկանա իմանալ իրականությունը, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել»,- մեջբերում է Tert.am-ը:

Չնայած նման կարծիքին՝ երգիչը նաև ասել է, որ ոչ մի դեպքում չի ատում թուրքերին: Նա նաև կոչ է արել ճանաչել այլ ցեղասպանություններն ու դատապարտել դրանք, ինչպես նաև դադարեցնել բոլոր տեսակի ցեղասպանությունները, որոնք տեղի են ունենում քրդերի հանդեպ, կամ աֆրիկյան մի շարք երկրներում:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: