Առաջատար Al-Monitor պարբերականը անդրադարձել է վերջերս Էրդողանի կողմից Գալիպոլիի տարելիցին ներկա լիդերների թիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ներկա լիդերների թվի հետ համեմատելուն` շեշտադրելով, որ Էրդողանի թվաբանական հաշվարկները ամենևին էլ չեն վկայում այն մասին, որ Գալիպոլիի տարելիցը ավելի նշանակալի իրադարձություն էր, քան Երևանում տեղի ունեցած ոգեկոչման արարողությունները, հայտնում է Panorama.am-ը:
Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան Չանաքքալեի (Գալիպոլի)ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, չնայած որ ամեն տարի դրանք անցկացվում էին մարտի 18-ին: Անկարան բազմաթիվ երկրների ղեկավարների էր հրավիրել մասնակցելու տոնակատարությանը: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան: ԱՄՆ-ն պատվիրակություն չուղարկեց Թուրքիա` բավարարվելով դեսպանի մասնակցությամբ, իսկ ՌԴ և Ֆրանսիայի նախագահները նախընտրեցին այլցելել Երևան:
Նախևառաջ պարբերականը ուղղում է Թուրքիային նախագահին` նշելով, որ Երևանում ներկա են եղել ոչ թե երկու, այլ չորս երկրների ղեկավարներ, իսկ Գալիպոլիի տարելիցին էլ եղել են ոչ թե ինչպես Էրդողանն է նշել 20, այլ 17 երկրների ղեկավարներ:
Պարբերականը դիտարկում է անում, որ եթե թվերի պարզ համեմատությունը թուրքական կողմին թվում է, թե իրենց դիվանագիտական հաղթանակն էր, ապա իրականությունը, համաձայն պարբերականի, բոլորովին այլ բանի մասին է խոսում:
Այս կապակցությամբ` պարբերականը հերթով թվարկում է այն բոլոր երկրների խորհրդարաններին, որոնք բանաձևերով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը և դատապարտեցին այն, այնուհետև անդրադառնում Հռոմի պապի վատիկանյան հայտնի ելույթին, Գերմանիայի նախագահի ելույթին, Եվրախորհրդարանի բանաձևին ու գերմանական Բունդեսթագում մեկնարկած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի շուրջ քննարկումներին և նկատում.
«Եթե այս ամենին էլ գումարենք բազմաթիվ այլ կառույցների և գործիչների (առավելապես Արևմտյան) կողմից «G» եզրույթի արտաբերումը և այն դիվանագիտական իրարանցումը, որ այս ամենը առաջացրեցին Թուրքիայի շուրջ, ապա արքայազն Չարլզի, ինչպես նաև Մալիի, Նիգերի, Հրվ. Սուդանի, Ջիբութիի կամ մյուս երկների ղեկավարների ներկայությունը բոլորովին անհամարժեք է այն մթնոլորտին և վերաբերմունքին, որը ստեղծվեց աշխարհի հզոր երկրների ղեկավարների ու խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությունը», գրել է պարբերականը:
Ավելի վաղ թուրքական Cumhuriyet-ը գրել էր, որ Թուրքիան մեծ կորուստներ կրեց, որպես հակադարձ հայերին Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակի տոնակատարությունը տեղափոխելով ապրիլի 24-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված պետականորեն կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու հրավեր, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, ուղարկել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակում մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:
Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: