Նախընտրական հանրահավաքը Թուրքիայում ավարտվել է բախումներով. Տուժել է մոտ 10 մարդ

Նախընտրական հանրահավաքը Թուրքիայում ավարտվել է բախումներով. Տուժել է մոտ 10 մարդ

PanARMENIAN.Net - 11 մարդ է վիրավորվել քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) նախընտրական հավաքին հաջորդած անկարգությունների ժամանակ Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքում, հայտնում է Milliyet թերթը:

Հունիսի 7-ին Թուրքիայում կկայանան խորհրդարանական ընտրություններ:

Ըստ թերթի տվյալների, հանրահավքի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Մոտ 500 մարդ փորձել է խափանել հանրահավաքը, կարգախոսներ հնչեցնելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Ոստիկանության միջամտության հետևանքով, որը փորձում էր կանխել բախումները հանրահավաքին մասնակցող հակամարտ խմբերի միջև, վիրավորվել է 11 մարդ, այդ թվում 4 ոստիկան, 37 մարդ ձերբակալվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը:

Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում են նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն է, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցնում են 4 տարին մեկ: Վերջին ընտրությունները եղել են 2011-ի հունիսի 12-ին: Այն ժամանակ հաղթեց ԱԶԿ-ն, որի առաջնորդն այժմ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---