Ջեյմս Քրոմվելը և Ժան Ռենոն կնկարահանվեն Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմում

Ջեյմս Քրոմվելը և Ժան Ռենոն կնկարահանվեն Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմում

PanARMENIAN.Net - Ջեյմս Քրոմվելը և Ժան Ռենոն Քրիստիան Բեյլի հետ միասին կնկարահանվեն Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» (The Promise) ֆիլմում, հայտնում է Variety-ին:

Պատմական ժապավենը նկարահանում է ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջը Ռոբին Սվիքորդի հետ համատեղ գրած սցենարով: Ֆիլմի հիմքում սիրային պատմություն է, որը ծավալվում է 1922 թ.` Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Գլխավոր հերոսներն են բժշկականի ուսանողը, որին խաղում է Օսկար Այզեկը, Փարիզում աշխատող ամերիկացի լրագրողը` Քրիսթիան Բեյլի դերակատարմամբ և նրբագեղ մի կին Շառլոթ լը Բոնի դերակատարմամբ, հայտնում է Sputnikarmenia-ն:

Ջեյմս Քրոմվելն էկրանին կմարմնավորի ԱՄՆ դեսպանին, որը հերոս է դառնում, իսկ Ռենոն` ֆրանսիացի ծովակալին:

Նկարահանումները սկսվել են Իսպանիայում և Պորտուգալիայում և կշարունակվեն մինչև դեկտեմբեր:

Ֆիլմը ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր և բարերար Քըրք Քրքորյանի վերջին մտահղացումն էր: Նա վախճանվեց հունիսի 16-ին 98 տարեկանում: Քրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի:

Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:

Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

Այս առնչությամբ Facebook-ի իր էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ հայտնելով, որ ինքը ևս մասնակցում է նախագծին: «Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս խոշոր կինոֆիլմի առիթով», - գրել է Թանկյանը:

Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը

1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով,
1915՝ «Քրդերի իշխանության տակ» (Թուրքական Հայաստանի ողբերգությունը). ռեժ.` Ա. Միներվին,
1919՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia), ռեժ.` Օ. Ափվելը ,
1928՝ «Անդրանիկ», ռեժ.` Ա. Շահխաթունի,
1960՝ «Հյուսիսային ծիածան», ռեժ.` Ա. Հայ-Արտյան
1963՝ «Ամերիկա, Ամերիկա» (America America) ռեժ.` Է. Քազան
1969՝ «Սարոյան եղբայրներ», ռեժ.` Խ. Աբրահամյան, Ա. Հայրապետյան
1970՝ «Գարուն ա, Ձյուն ա արել», ռեժ.` Գ. Մելիք-Ավագյան
1970՝ «Կոմիտաս Վարդապետի կյանքն ու երգերը», ռեժ.` Զ. Էլմասյան
1972՝ «Կրակեցեք դաշնակահարի վրա», ռեժ.` Ֆ. Տրյուֆո
1974՝ «Պատը», ռեժ.` Յ. Գյունեյ
1975՝ «Կեսգիշերային ճեպընթաց», ռեժ.` Ա. Փարկեր
1977՝ «Նահապետ», ռեժ.` Հ. Մալյան
1977՝ «Երկունք», ռեժ.` Ֆ․ Դովլաթյան
1977՝ «Քարե հովիտ», ռեժ.` Ա. Մկրտչյան
1979՝ «Ձորի Միրո», ռեժ.` Ժ. Ավետիսյան
1981՝ «Գործուղում առողջարան». ռեժ.` Ա. Հայրապետյան
1981՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ջ. Քյուրքչյան,
1982՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ս. Մուրադյան,
1982՝ «Առաքելություն ի Բեռլին», ռեժ.` Հ. Թուխանյան,
1983՝ «Գիշերում առկայծող կրակ», ռեժ.` Ռ. Գևորգյանց, Գ. Կևորկով,
1985՝ «Ապրիլ», ռեժ.` Վ. Չալդրանյան,
1985՝ «Մի հայի օրագիր», ռեժիսորների խումբ
1986՝ «Զոհը», ռեժ.` Հ. Լինդեր
1988՝ «Հրաժեշտի հինգ նամակ», ռեժ.` Յու. Երզնկյան
1988՝ «Մուսա լեռ-88. Վիշապի տարի», ռեժ.` Ա. Վահունի
1988՝ «Երթ», ռեժ.` Է. Իսահակյան
1988՝ «Կոմիտաս», ռեժ.` Դ. Ասկարյան
1990՝ «Կարոտ», ռեժ.` Ֆ. Դովլաթյան
1991՝ «Մայրիկ», ռեժ.` Ա․ Վերնոյ,
2002՝ «Արարատ», ռեժ.` Ա. Էգոյան,
2007՝ «Արտույտների ագարակը» (La Masseria Delle Allodole), ռեժ.` Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրներ,
2009՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia) (1919-ին նկարահանված ֆիլմի վերականգնված ու վերամոնտաժված տարբերակը),
2010՝ «Շների կղզին», ռեժ.` Ս․ Ավեդիքյան,
2011՝ «Վանա ծովուն արշալույսը», ռեժ.` Ա․ Իգիթյան, Վ․ Ստեփանյան,
2014՝ «Սպին» (The Cut, ռեժ․՝ Ֆ․ Ակին։

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը