1 նոյեմբերի 2006 - 17:03 AMT
Վրաստանը պատրաստ է տարածքներ փոխանակել Ադրբեջանի հետ
Ադրբեջանի հետ սահամնների սահմանազատման եւ սահմանագծման շուրջ բանակցությունների շրջանակներում վրացական կողմը պատրաստ է սահմանամերձ տարածքներ փոխանակել Ադրբեջանի հետ, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Գեորգի Մանջգալաձեն: Թբիլիսին շահագրգռված է վերադարձնել Դավիթ Գարեջիի վրացական ճարտարապետական համալիրը, որի մի մասը դեռեւս ԽՍՀՄ տարիներից գտնվում է Ադրբեջանի տարածքում: Դավիթ Գարեջի քարանձավային վանական համալիրը, որը գտնվում է վրացական մայրաքաղաքից դեպի հարավ-արեւմուտք 60 կմ հեռավորության վրա, հիմնադրվել է վեցերորդ դարի առաջին կեսում: Այնտեղ պահպանվել են 8-14 դարերի որմնանկարները պատմական անձանց դիմանկարներով: Համալիրն ընդհանուր առմամբ կազմված է ժայռերում փորված շուրջ 20 վանքերից:
Այն մասին, թե հատկապես որ տարածքները կարող են փոխանակվել Դավիթ Գարեջիի հետ, վրացական աղբյուրները դեռեւս չեն հաղորդում: Գեորգի Մանջգալաձեի խոսքերով, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ 460 կիլոմետր սահմանից պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցված է 300 կիլոմետրը: Միեւնույն ժամանակ փոխնախարարը նկատել է, որ դեռեւս վաղաժամ է խոսել սահմանների սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ երկկողմ պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին, հաղորդում է Լենտա.ռու-ն: