Մխիթարյանը հնարավոր է չմասնակցի ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին

Մխիթարյանը հնարավոր է չմասնակցի  ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտնել է , որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի խաղալու ադրբեջանական «Գաբալայի» հետ արտագնա խաղում:

«Բորուսիան» և «Գաբալան» ընդգրկվել են Եվրոպա լիգայի խմբային փուլի C խմբում: Հոկտեմբերի 22-ին տեղի է ունենալու «Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը:

«Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մեկնելու «Գաբալայի» հետ արտագնա խաղին: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանն և Ադրբեջանը կոնֆլիկտ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք մեր խաղացողների մասին»,- ասել է Վատցկեն, գերմանական Bild-ին հղումով գրում է Armsport-ը:

Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը նախկինում այցելել է Լեռնային Ղարաբաղ, ապա, ադրբեջանական կողմը, ըստ երևույթին, ընկալում է դա որպես հատուկ սադրանք:

Վատցկեն նշել է, որ անվատանգության ապահովման հարցում բարդություններ կան:

«Եթե ֆուտբոլիստը իրեն հարմարավետ չի զգալու, ապա մենք, իհարկե, հաշվի ենք առնելու այդ հանգամանքները», - ասել է նա:

Դորտմունդի «Բորուսիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլ, որտեղ ընդգրկվել է C խմբում՝ ՊԱՕԿ-ի (Հունաստան), «Կրասնոդարի» (Ռուսաստան) և «Գաբալայի»(Ադրբեջան) հետ: Սակայն, ղարաբաղյան խնդրի պատճառով Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի վիզա չեն կարող ստանալ. ըստ այդմ՝ մեծ էր հավանականությունը, որ «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին:

Դեռ սեպտեմբերին Ադրբեջանի և միջազգային մամուլում 3 օր շարունակ քննարկվում էր Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի լիգայի խաղին տեղի «Գաբալայի» հետ: Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է` սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Նա նշել է, որ վերջին 10 տարում Ադրբեջանում անցկացվել է մոտ 300 միջազգային սպորտային միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 100 հայ մարզիկ, այդ թվում նաև Հայաստանից: «Մասնակցելով նման մրցումների, յուրաքանչյուր պետություն ելնում է ՈւԵՖԱ-ի ընդհանուր կանոններից: Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Աստեղ որպես հիմք է ընդունվում թիմային մոտեցումը, ոչ թե առանձին անհատները: Դրոտմունդի «Բորուսիայի» այցն Ադրբեջանի նույնպես թիմային է, ոչ թե առանձին անհատների այց»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց «սև ցուցակին», ապա, ըստ Հաջիևի, յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում:

«ՈւԵՖԱ-ն արտագնա խաղերի կազմակերպման և վիզաների հետ կապված խնդիրների ժամանակ միշտ աջակցություն է ցույց տալիս ակումբներին, հատկապես, երբ նման խնդիրները անհրաժեշտ է լինում կարճ ժամկետներում լուծել: Կարծում եմ, որ Մխիթարյանի ուղևորությունն Ադրբեջան բացառություն չի լինի», ասել էր ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն:

Մինչդեռ հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացվող մրցումներին հաճախ է ուղեկցվում միջադեպերով` մարզիկներին, Հայաստանի դրոշն ու օրհներգը դիմավորում են սուլոցներով, մարզիկներին և պատվիրակության անդամներին անվտանգության նկատառումներով արգելվում է լքել հյուրանոցը: 2010-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում անցկացող Եվրոպայի առաջնությանը: 2012-ին Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել հավակնորդների մրցաշարին Բաքվում և նամակ հղեց Իլյումժինովին` նշելով, որ ընդունող կողմը չի կարող ապահովել անհրաժեշտ պայմանները խաղի վրա կենտրոնանալու համար: Սակայն 2014-ին Լևոն Արոնյանը տվեց իր համաձայնությունն Աշխարհի գավաթին մասնակցելու վերաբերյալ, որը կայանալու է 2015-ին Բաքվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---