ԱՄՆ. Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների ձայները նույնքան լսելի պետք է լինեն, որքան «այո» ասողներինը

ԱՄՆ. Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների ձայները նույնքան լսելի պետք է լինեն, որքան «այո» ասողներինը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանի իշխանություններին սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճն անցկացնել բաց ու թափանցիկ` կողմերին տալով հավասար հնարավորություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Միացյալ Նահանգների դիրքորոշումը, ըստ Միլսի, հետևյալն է՝ Հայաստանի ժողովուրդը պետք է կայացնի որոշումը` արդյո՞ք անհրաժեշտ է փոխել, կամ ինչպե՞ս պետք է փոխել Սահմանադրությունը: «ԱՄՆ-ը, որպես Հայաստանի բարեկամ, հավատացած է, որ որոշումը պետք է լինի բաց բանավեճի արդյունքում: Հանրությունը պետք է հնարավորություն ունենա հարցեր տալ, հնչեցնել իր մտահոգությունները, որպեսզի մարդիկ կարողանան կշռադատված որոշում կայացնել», -ասել է դեսպանը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Դեսպան Միլսը, մասնակցելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության գրասենյակի (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպած միջոցառմանը, ընդգծել է, որ փորձագիտական շրջանակներում կա բանավեճ, սակայն «անհրաժեշտ է, որ այն ընդլայնվի»:

«Քննարկումները ժողովրդի հետ պարտադիր են և անհրաժեշտ, որպեսզի հետագա քայլերն ընթանան։ Նրանք, ովքեր դեմ են այս նախագծին, պետք է նույնքան հնարավորություն ունենան հայտնելու իրենց կարծիքները հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներում, որոնք լայն տարածում և մեծ ազդեցություն ունեն Հայաստանում: Շատ կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների ձայները լսելի լինեն նույնքան, որքան «այո» ասողներինը»,-ասել է Միլսը:

Սակայն Ռիչարդ Միլսը նախագծի վերաբերյալ գնահատական չի հնչեցրել:

Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին: ոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն):

Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին:

Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---