10 նոյեմբերի 2015 - 11:01 AMT
ՀՀ մի շարք տուրօպերատորներ դեպի Եգիպտոս տուրեր չեն առաջարկում

Հայաստանում գրանցված մի շարք տուրիստական ընկերությունները ձեռնպահ են մնում եգիպտական Շարմ էլ Շեյխ և Հուրգադա ուղղությունները հաճախորդներին առաջարկելուց: Այս մասին հայտնում են մի քանի տուրօպերատորներ:

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ ռուսական ինքնաթիռի վթարից հետո Ռուսաստանը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռներով հետ է բերում Եգիպտոս` զբոսաշրջության նպատակով մեկնած իր քաղաքացիներին։ Եվրոպական մի քանի պետություններ, այդ թվում Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնում Եգիպտոս թռիչքներից:

ՀՀ տուրիստական կազմակերպություններից մեկի աշխատակցուհին հայտնել է, թե իրենք Կառավարությունից օգնություն են ակնկալում։

«Ռուսաստանն իր քաղաքացիներին տարհանում է, մենք էլ հույս ունենք, որ մեր Կառավարությունը մի բան կանի ու մեր քաղաքացիներին թույլ չի տա գնալ, որովհետև մենք ինքներս դիմել ենք այդ խնդրանքով: Խնդիրներ ունենք` փորձում ենք փաթեթները հետ տալ, բայց ավիաընկերությունները հրաժարվում են, նույնիսկ մինչև 100% տուգանքներ են պահում», - ասել է նա, գրում է Tert.am-ը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են Եգիպտոսի ուղղությամբ առաջարկները մնում կազմակերպության կայքում, ընկերության ներկայացուցիչն ասել է, որ ուղղակի ժամանակի սղության պատճառով չեն հասցրել հանել նախկինում տեղադրված գովազդային առաջարկները: Իսկ ռուս զբոսաշրջիկներով վթարից հետո ինքն անձամբ որևէ մեկին Եգիպտոս չի առաջարկում:

Հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն նպատակահարմար չի գտնում հանդես գալ Եգիպտոսի վերաբերյալ որևէ հայտարարությամբ, արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ այս պահին ուժի մեջ է ՀՀ ԱԳՆ-ի մի քանի ամիս առաջ արված հայտարարությունը: Երբ 2015-ի հուլիսին Եգիպտոսի զինուժը օդային հարվածներ և ցամաքային գործողություններ էր իրականացրել Հյուսիսային Սինայում, ինչի հետևանքով ոչնչացրել էր 63 իսլամիստ գրոհայինի, ՀՀ ԱԳՆ-ն հորդորել էր Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին դուրս չգալ հանգստի տարածքներից:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանն իր հերթին հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Եգիպտոս ուղղությունը վաղուց արդեն չի գործում, չկան կանոնավոր չվերթներ և միայն 1-2 չարտերային թռիչք է իրականացվում ամբողջ տարվա ընթացքում, այդ պատճառով էլ ՀՀ քաղավիացիոն գլխավոր վարչությունը չունի և չի կարող ունենալ տվյալներ Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների թվի վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»:

ԱՄՆ հատուկ ծառայություններըկարծում են, որ Եգիպտոսում ռուսական A321 օդանավի կործանման պատճառը եղել է ահաբեկչական գործողությունը, որը կազմակերպել է «Իսլամական պետության» ստորաբաժանումը հանդիսացող «Սինայի գավառ» կազմակերպությունը, հավանաբար, առանց ԻՊ հետ համաձայնեցման: