10 նոյեմբերի 2015 - 11:25 AMT
Լավրովը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը. ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարարն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչին, ըստ նրա, անկասկած, նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը, որոնց շրջանակում ընթացիկ տարում Երևանում և Մոսկվայում կայացել են ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները: Բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաև Եվրասիական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերով կայացած միջոցառումների շրջանակում:

Սարգսյանի գնահատմամբ, կանոնավոր բնույթ են կրում երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումները:

Ըստ ժամանակացույցի, ընթացիկ տարում արդեն անցկացվել են միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր: Օրերս Երևանում հաջողությամբ գործունեությունն ավարտեց միջտարածաշրջանային գործակցության չորրորդ համաժողովը, որին մասնակցեց նաև պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հոկտեմբերի վերջին Երևանում անցկացվեց Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը:

Բոլոր այդ հանդիպումներն ու միջոցառումները, ըստ նախագահի, եղել են երկուստեք օգտակար և արդյունավետ: Սարգսյանի համոզմամբ, շփումների նման ինտենսիվությունը վկայում է բոլոր ուղղություններով դաշնակցային փոխգործակցությունը զարգացնելու երկու երկրների փոխադարձ հետաքրքրվածության և առկա ձևաչափերի շրջանակում ընթացիկ հարցերը համատեղ քննարկելու պատրաստակամության մասին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հետևողականորեն զարգանում է գործակցությունը տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում իրավապայմանագրային բազան հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային փաստաթղթերով, ինչը, ըստ նրանց, վկայում է երկկողմ օրակարգի հագեցվածության մասին:

Արտգործնախարար Լավրովը նշել էՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևողական է հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Լավրովը ևս փաստել բոլոր ուղղություններով հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության արդյունքում արձանագրված առաջընթացն ու դինամիկ զարգացող հարաբերությունները նաև ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Հայաստանի լիիրավ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նրա համոզմամբ, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տնտեսական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման տեսանկյունից:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն՝ անդրադառնալով նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը հավանության արժանացնելուն ու այն ԵԽԽՎ օրակարգ ներառելուն, հայտարարել է, որ Ցանկացած ռադիկալ գործողություն, ում կողմից էլ այն չձետնարկվի, վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

«Մինսկի խմբի համանախագահները հանդես են գալիս հակամարտությունը հետևողական, համբերատար երկխոսության միջոցով կարգավորելու ուղղությամբ: Հարցը իրոք շատ բարդ է, իսկ ցանկացած ռադիկալ գործողություն, անկախ իրագործողից, վնասում է Մինսկի խմբին», - նշել է նա:

Կարդացեք նաև՝ Լավրովը՝ Ուոլթերի հակահայկական զեկույցի մասին. Ցանկացած ռադիկալ գործողություն վնասում է ԵԱՀԿ ՄԽ-ին