Գլենդելում բացվել է հայկական կապիտալով առաջին բանկն ԱՄՆ-ում

Գլենդելում բացվել է հայկական կապիտալով առաջին բանկն ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Գլենդելում բացվել է հայկական կապիտալով առաջին բանկն ԱՄՆ-ում: Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Գոլդն Սթեյթ» բանկի գլխամասի պաշտոնական բացումը: Այն ԱՄՆ-ում առաջին բանկն է, որի բաժնետերերի և ղեկավար խորհրդի անդամների մեծամասնությունն ազգությամբ հայեր են:

«Գոլդն Սթեյթ» բանկը համայնքային բանկ է, որ ծառայելու է տարբեր բիզնեսների, կազմակերպությունների: Բանկն այսօր ունի 125 մլն դոլարային ակտիվներ: Մենք տրամադրում ենք վարկեր սկսած 500 հազար դոլարից մինչև 5 միլիոն դոլար, հնարավոր է նաև ավելի մեծ գումար տրամադրենք գործընկերային բանկերի հետ համատեղ: Ներգրավում ենք նաև ավանդներ և վճարում ենք ավելի մեծ տոկոսադրույք, քան մեծ բանկերը: Միակ ոլորտը, որ բանկը չի սպասարկում, դա անհատական սպառողական վարկերն են՝ մեքենաների վարկավորում կամ հիպոթեքային վարկեր», -ասել է բանկի ղեկավար խորհրդի նախագահ, բաժնետեր Ռոբերտ Սեդրակյանը, հայտնում է Asbarez-ը:

Տարիներ շարունակ Հարավային Կալիֆորնիայի Ափլենդ և Բրեա քաղաքներում գործող իր գրասենյակներով, FDIC-ի կողմից երաշխավորված «Գոլդն Սթեյթ» առևտրային բանկը կերտել է հաջողության պատմություն, որի գլխավոր նախադրյալներից է անհատական մոտեցումը հաճախորդներին:

Հայ համայնքի համար, «Գոլդն Սթեյթ» բանկի առավելություններից է նաև հայ ղեկավարների ակտիվ ներկայությունն այս բանկում: «Բանկի ղեկավարող խորհրդի 11 անդամների մեծամասնությունը հայեր են, և ինչպես մեր համայնքը՝ ներգաղթած տարբեր երկրներից: Մենք քաջատեղյակ ենք մեր համայնքի մշակութային առանձնահատկություններին և անձամբ ճանաչում ենք գործող բիզեսներին և կազմակերպություններին: Այս հանգամանքը մեզ թույլ է տալիս ծառայություններ առաջարկելուց հաշվի առնել բոլոր հնարավոր պահանջները և լավագոյն մոտեցում ցուցաբերել: Մենք ավելի լավ կհասկանանք մեր հայ հաճախորդների կարիքները, քան օրինակ շուկայում գործող այլ մեծ բանկեր, և սա մեր առավելությունն է», նշել է «Գոլդն Սթեյթ» բանկի բաժնետեր, ղեկավար խորհրդի անդամ Արտակ Դալդումյանը:

«Գոլդն Սթեյթ» բանկի փիլիսոփայությունը ստեղծման օրվանից եղել է հետազոտությունների միջոցով բացահայտել գործարարներին և նրանց գործունեությանը ծառայելու առավել արդյունավետ միջոցներ գտնել ոչ միայն ֆինանսական, նաև՝ գործունեության իրականացման, նոր հարաբերությունների ձևավորման հարցերում, ինչը կբարձրացնի բիզնեսի մրցակցային առավելությունները և հետագա զարգացման տեմպերը:

«Գոլդն Սթեյթ»-ը գործունեության նոր փուլ մտավ 2014-ին, երբ բանկին միացան ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող մասնագետներ Ռոբերտ Սեդրակյանն ու ընկերները: 40 տարվա աշխատանքային փորձով «Գոլդն Սթեյթ»-ի նախագահ Թոմ Բայինգթոնը նշում է, որ սիրով է համագործակցում հայազգի գործընկերների հետ, և նշում է, որ բանկում տեղի ունեցող զարգացումները նոր հորիզոններ են բացում: Բանկի առաջին բաժնետերերից Ջոն Օհանյանն էլ համոզված է, որ ղեկավար խորհրդում բարձրակարգ նոր մասնագետների ներգրավմամբ բանկը շուտով նոր բարձունքներ կգրավի: «Գոլդն Սթեյթ» բանկի համալրված ղեկավարող խմբի առաջնային նախաձեռնություններից էր բանկի գլխամասի տեղափոխումը Գլենդել:

«Գոլդն Սթեյթ» բանկն իր գլխավոր գրասենյակը հիմնեց Գլենդելում՝ գնահատելով մեր քաղաքի կարևոր դիրքն ու բիզնեսի աճի ներուժը: Մենք շատ ուրախ ենք և հպարտ, որ բաժնետերերի մեծ մասը հայ են, և վերջապես ունենք հայկական կապիտալով բանկ ԱՄՆ-ում»,-նշել է Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում բանկը կբազմապատկի կապիտալի չափերը և լուրջ ներկայություն կւնենա ոչ միայն Հարավային, նաև ամբողջ Կալիֆորնիայում, և միաժամանակ կնպաստի Գլենդելի զարգացմանը։

«Գոլդն Սթեյթ» բանկը գործում է քաղաքի գործարար կենտրոնում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ֆինանսական, քաղաքական, հասարակական գործիչներ, «Գոլդն Սթեյթ» բանկի երկարամյա հաճախորդներ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---