Սահմանադրական հանրաքվե. Ուր դիմել, եթե խախտվել է ընտրական իրավունքը

Սահմանադրական հանրաքվե. Ուր դիմել, եթե խախտվել է ընտրական իրավունքը

PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով: Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը, ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:

«Նոր Հայաստան» միավորումը հայտնել է, որ հանրաքվեի գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում Ազատության հրապարակում 2015 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, 15:00-ին և 18:00-ին հրավիրում է մամուլի ասուլիսներ: Երեկոյան՝ ժամը 20:00-ից հետո, հանրաքվեի գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կհաղորդվի հանրահավաքի ձևաչափում:

Գործում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ թեժ գիծը՝ 010 582-819. 098 582-819, 0-8000-1333 հեռախոսահամարներով, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի թեժ գիծը՝ 080-080-804, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թեժ գիծը՝ 0 8000 12 11 Իրավունքի Եվրոպա միավորման թեծ գիծը՝ 010 500-665, 099 588-576: Լրագրողները խոչընդոտների հանդիպելու դեպքում կարող են զանգահարել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ 010 53-38-95, 093 10-70-85:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են փոփոխությանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին:

 Ուշագրավ
---