Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվել է մեկ ժամից ավելի: Այս մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այո՛, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի»,- գրել էր ամերիկացի համանախագահը:
Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին: Այդ ձևաչափով հանդիպումը տևեց մոտ 40 րոպե:
Հակոբյանը գրել է, որ բազմակողմ հանդիպումի ավարտից հետո Ալիևը հեռացել էր, իսկ Սարգսյանը դեռ շփվում էր համանախագահների հետ:
Հանդիպումը սկսվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Բեռնում Սարգսյանը հանդիպել է նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել շփման գծում լարվածության աճի ֆոնին:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: