ԻՊ-ն ինքնաթիռներ խոցող հրթիռներ կարող է արտադրել

ԻՊ-ն ինքնաթիռներ խոցող հրթիռներ կարող է արտադրել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը յուրացրել է բարձր տեխնոլոգիաներն ու հնարավորություն է ստացել ստեղծելու սեփական զենիթահրթիռային համալիրներ, որոնք կարող են խոցել քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ: Այդ մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան» Sky News-ի վրա հղումով:

Ինչպես պնդում է հեռուստաալիքը, խմբավորման ռազմական և տեխնիկական խորհրդականները, որոնք տեղակայված են իրաքյան Ռաքքայում, կարողացել են ինքնուրույն ջերմային մարտկոցներ ստեղծել «ցամաք-օդ» հրթիռների համար և մարտագլխիկներ պատրաստել:

Այս տեղեկությունը հաստատված է տեսանյութերով, որտեղից հայտնի է դառնում, որ առաջիկայում արդեն գրոհայինները կկարողանան գործի դնել իրենց տրամադրության տակ եղած արևմտյան արտադրության հնացած և ապամոնտաժված հրթիռները: Լրագրողները հիշեցնում են, որ ջերմային նշանառությամբ հրթիռները կարող են օգտագործվել ուղևորատար և ռազմական ինքնաթիռների դեմ:

Բրիտանական Independent-ն իր հերթին սեփական փորձագետների վրա հղումով հայտնում է, որ ահաբեկիչներին վաղուց արդեն հասանելի են զենիթահրթիռային համակարգերը, սակայն ջերմային մարտկոցների ստեղծումն ու պահպանումը մինչև վերջերս բարդ խնդիր էր նրանց համար:

Բացի այդ հեռուստաալիքը ցուցադրել է ականապատ մեքենայի հեռավար կառավարումը, որի ղեկին մանեկեն էր նստած, ինչը ևս մեկնաբանվում է որպես ԻՊ արսենալի ընդլայնում:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---