18 հունվարի 2016 - 10:41 AMT
Խոզի գրիպով 15 հիվանդ տեղափոխվել է հիվանդասենյակ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղակեցնում է , որ հունվարի 17-ին համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 160 քաղաքացի, որից 136-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 57-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 29-ը` երեխաներ։

Այսպիսով, միայն վերջին 5 օրում հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 691 քաղաքացի, որից 592-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 241-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 134-ը` մինչև 18 տարեկան։

H1N1 վարակով (խոզի գրիպ) 15 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրանց մոտ արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ։

Հանրապետության պոլիկլինիկական ծառայությունում հունվարի 16-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով 1971 դիմելիություն` հունվարի 15-ի 3116-ի դիմաց:

Հունվարի 15-ի տվյալներով՝ ՀՀ-ում մահացել է H1N1-ով (խոզի գրիպ) հիվանդ 14 մարդ: Մահացածները բժիշկին էին դիմել հիվանդության ի հայտ գալուց տևական ժամանակ անց ու ունեին այլ առողջական խնդիրներ:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ: Ձեռքբերված «Տամիֆլյուի» հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին: Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:

Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարդացեք նաև՝ ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար