Համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան Ամալ Քլունին հայտարարել է, որ կստանձնի ադրբեջանցի ազատազրկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը, հայտնում է Tert.am-ը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեության և իշխանության չարաշահման մեղադրանքներով:
Մարդու իրավունքների պաշտպանության գործերով հայտնի Ամալ Քլունին այս մասին հայտարարել է NBC հեռուստաալիքի եթերում: Հետաքրքրական է, որ Քլունին պատմել է այն հետապնդումների մասին, որոնց ենթարկվել է Իսմայիլովան, սակայն նրա անունը չի տվել:
Այժմ Քլունին նաև Մալդիվների նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդի իրավաբանն է: Այդուհանդերձ Քլունին ասել է, որ ստանձնել է մի լրագրողուհու գործ, «որը իշխող ռեժիմում կոռուպցիայի մասին վկայություններ է բացահայտել»: Նա նշել է գաղտնի տեսախցիկի հանգամանքը, որով նկարահանվել էր ադրբեջանցի լրագրողուհու ինտիմ կյանքը և հրապարակվել:
Քլունին ասել է, որ Իսմայիլովան բացառիկ արիության տեր կին է:
Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:
Ամալ Քլունիի նախկին պաշտպանյալների թվում են եղել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որին դատապարտել էին նախագահ Յանուկովիչի օրոք: Նա նաև մեղադրող կողմի անդամ էր Լիբանանի հարցով ՄԱԿ Հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալում: Ամալ Քլունին եղել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը 2012-2013 թթ. Սիրիայում նրա առաքելության ժամանակ:
2015-ին փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը պաշտպանում էին հայկական կողմի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության ժամանակ: Դատարանը որոշում կայացրեց, որ Շվեյցարիան «խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը»` դատապարտելով սակայն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: