15 փետրվարի 2016 - 11:17 AMT
Հայ ըմբիշները 3 բրոնզ են նվաճել Կիևի մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտել են իրենց ելույթները Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նվիրված միջազգային 20-րդ մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: Հայ ըմբիշներից միայն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին հաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել:

Նա 1/8 եզրափակիչում հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Բուլատին, քառորդ եզրափակչում առավելության է հասել ուկրաինացի Սերգեյ Ռատուշնիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջել է կրկին ուկրաինացի ըմբիշի:

Բրոնզե մեդալի համար պայքարում Բարսեղյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Արմեն Առաքելյանին:

Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: Հայ ըմբիշներին հաջողվել է ևս երկու բրոնզե մեդալ նվաճել:

61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է իրանցի ըմբիշ Մեհրան Նասիրիաֆրաչալիին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում առավելության է հասել ուկրաինացի Պետրո Բիելիչուկի նկատմամբ:

70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը նույնպես մեկնարկային գոտեմարտում պարտվել է իրանցի մարզիկի, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աարոն Պիկոյին:

Այսպիսով` Հայաստանի հավաքականի ըմբիշները հայրենիք կվերադառնան երեք բրոնզե մեդալով:

Մրցաշարին մասնակցում էր 6 երկրի ավելի քան 100 ըմբիշ:

Մրցաշարը մեկնարկել էր փետրվարի 13-ին, ավարտվեց փետրվարի 14-ին: