Փետրվարի 13-ին Հալեպի թաղամասերը հրթիռակոծվել են զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից: Զոհեր և վիրավորներ կան, հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը:
Զոհվածների թվում է 1983թ. ծնված հայազգի Վիգեն Ոսկերիչյանը:
Փետրվարի 5-ին և 6-ին Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի պայթուցիկ տակառներով հրթիռակոծել են քաղաքի խաղաղ բնակչությունը, հատկապէս Նոր Գյուղի շրջանը:
Բնակարաններ են ավիրվել, հասցվել են նյութական վնասներ: Բնակչությունը զրկվել է էլեկտրականությունից:
Փետրվարի 3-ին երեկոյան ահաբեկչական խմբավորումներն ինքնաշեն մի քանի հրթիռներ են արձակել Հալեպի հայաշատ թաղամասերի ուղղությամբ։Դրանցից մեկը պայթել է Հալեպի Նոր գյուղի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Սահակյան վարժարանը միացնող հատվածում, իսկ մյուսը՝ ներկայիս հայկական ծերանոցի մոտ։ Վերջինիս պայթյունից բռնկվել են էլեկտրահաղորդման լարերը:
Տեղի ունեցած պայթյունների պատճառով վիրավորներ են եղել, գրանցվել են նաև նյութական մեծ վնասներ, վնասվել են բնակարաններ, խանութներ, մեքենաներ, պետական գույք։
Սիրիական բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից:Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման:
Փետրվարի 3-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ:
Բանակը հունվարի 25-ին Դարաա նահանգում զինյալներից ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը: Նույն օրը Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով:
Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: