23 փետրվարի 2016 - 10:47 AMT
Ասադը նշանակել է Սիրիայում խորհրդարանական ընտրությունների օրը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել ապրիլի 13-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, որը հրապարակվել է ՍԱՆԱ սիրիական գործակալության կայքում:

«Նախագահ Ասադը ստորագրել է թիվ 63 հրամանագիրը, որով 2016թ. ապրիլի 13-ը նշանակվում է Ազգային ժողովի անդամների ընտրության օր»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առաջիկա ընտրությունները կլինեն 2-րդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց հետո: Վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ երկրում տեղի են ունեցել 2012թ. մայիսին, այն ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել էր 51%։

Ասադն արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, բացի խորհրդարանական ընտրությունների անցկացումից, բազմիցս ասել է Սիրիայի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին։

Մինչդեռ արտերկրում գործող սիրիական ընդդիմութան բանակցությունների հարցով բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Նաասան Աղան հայտարարել է, թե անհնար է համընդհանուր ընտրություն անցկացնել երկրում, որտեղ քաղաքական պատերազմ է ընթանում, հայտնում է Tert.am-ը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել էր կրկին հսկողություն սահմանել Սիրիայի ամբողջ տարածքում: Ըստ Ասադի, կառավարական զորքերը փորձում են «առանց տատանվելու» վերականգնել հսկողությունը Սիրիայում: Այլ երկրների մասնակցությունը կնշանակի, որ կարգավորումը երկար կտևի և բարձր գին կունենա»,-ասել է Ասադը:

Ըստ նրա, Հալեպի գավառում սիրիական զորքերի նպատակն է փակել դեպի թուրքական սահման տանող ճանապարհը, որտեղից գրոհայինները ստանում են ամեն անհրաժեշտը:Բացի այդ, Ասադն ասել է, որ սատարում է կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն «չի դադարեցնի պայքարը ահաբեկիչների դեմ բանակցությունների ընթացքում»: Նա մատնանշել է սաուդյան և թուրքական ներխուժման վտանգը` նշելով, որ կառավարական ուժերը կհակազդեն դրան:

Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ: