Huffington Post. Ցեղասպանություն բառը ստեղծվել է հայերի ջարդը նկարագրելու համար (վիդեո)

Huffington Post. Ցեղասպանություն բառը ստեղծվել է հայերի ջարդը նկարագրելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն վերջերս «Իսլամական պետության» կողմից եզդիների և այլ էթնիկ խմբերի դեմ տեղի ունեցածը ցեղասպանություն հռչակեց: Անշուշտ, եզդի կանանց բռնաբարություններն ու ստրկացումը, եզդի տղամարդկանց սպանդը ցեղասպանություն է հայտնում է Tert.am-ը Huffington Post-ի վրա հղումով:

Այսպիսով, բառի նշանակությունը, որը բնութագրում է անմարդկային, զանգվածային ջարդերը, կարևոր է: Պարբերականը նշում է, որ «ցեղասպանություն» տերմինն առաջին անգամ կիրառել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը՝ փորձելով բացատրել Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցածը:

Ուստի, ցանկացած ազգ, որը քննարկում է 1.5 մլն հայերի սպանությունները, պարզապես քաղաքական «ծխածածկույթ» է ստեղծում:

«Ցեղասպանությունը տեղի է ունեցել, հայերի նկատմամբ, և այն մարդը, որը հորինել է այդ բառը, ճանաչել է այդ փաստը. բառը ստեղծվել է հայերի ջարդերը նկարագրելու համար: Աշխարհաքաղաքական նկատառումներով ԱՄՆ-ն հրաժարվում է օգտագործել այդ բառը, կասկած չկա, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»,-գրում է պարբերականը:

Մինչ Ժամանակակից ցեղասպանությունները հրապարակայնացնելը խնդիր չէ, և այդպես էլ պետք է լիներ, աշխարհը դեռ ԱՄՆ-ից ակնկալում է Հայոց ցեղասպանությունը նկարագրելիս «ցեղասպանության» բառի կիրառումը:

«Ցավոք, աշխարհի ամենաուժեղ ազգը դեռ բարոյական տոկունություն չունի ամբողջությամբ ճանաչելու այն, ինչ ապրել են հայերը»,-ասված է հրապարակման մեջ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելիս, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ:

Ընթերցեք նաև. Օբաման կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերի ոչնչացումը նկարագրելուց

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ըստ պետքարտուղարի՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այս բանակցությունների արդյունքը «չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել»
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է