Հայաստանը ջերմատեսիլ սարքեր կարտադրի և կարտահանի ՌԴ

Հայաստանը ջերմատեսիլ սարքեր կարտադրի և կարտահանի ՌԴ

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է սկսել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրություն: Հուլիսի 14-ին կառավարության նիստում «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, հայտնում է Aysor.am-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրությունն ու արտահանումը նախատեսվում է կազմակերպել ազատ տնտեսական գոտում.

«Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում` 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 12 մլն. դոլար: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 1000 սարքավորում, հետագայում ավելացնելով քանակը մինչև 5500: Արտահանման հիմնական ուղղությունը հանդիսանում է Ռուսաստանը», - ասել է Արծվիկ Մինասյանը:

Իրականացվելիք ներդրումները կազմում են շուրջ 31 մլն դոլար, իսկ ծրագրի մեկնարկի առաջին տարում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում` ավելի քան 35 աշխատատեղ` 350 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ավելի վաղ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, խոսելով վերջին ժամանակաշրջանում արված նորամուծությունների մասին, նշել էր ջերմատեսիլ սարքերի արտադրությունը և ՀՕՊ համակարգերի արդիականացումը: Նա նշել է, որ գաղտնիության ռեժիմից ելնելով թվարկումներ անել չի կարող՝ սակայն արվել են բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, որից կբխեն համապատասխան քայլեր: «Մենք այսօր խնդիր ունենք ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնել առավել արագ՝ ավելի մեծ ներուժ ընդգրկելով և ավելի բարձր արդյունավետությամբ», - շեշտել է Փախչանյանը:

Փախչանյանն ընդգծել է, որ առկա մտավոր ներուժն ամբողջ ծավալով ներգրավված չէ, սակայն «գրչի մի հարվածով» այն ներգրավել չի ստացվի: «Դա շարունակական աշխատանք է, որի արդյունավետությունը մեծապես կպայմանավորի ռազմաարդյունաբերության զարգացման որակն ու տեմպերը: Հաջորդ խնդիրը, որ կարևորում եմ, մեր արտադրական հնարավորությունների ճիշտ գնահատումն է: Պարզ ասած` պիտի հստակեցնել` որ զինատեսակն ենք արտադրելու տեղում, և որն ենք գնելու արտերկրից», - նշել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---