Երևանի Ոստիկանության պարեկապահակային գունդ գրաված «Սասնա Ծռեր»-ին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի Վերնիսաժի փայտագործ ընկերներն ու նրա աշակերտներն օգոստոսի 9-ին «Հաց բերող Արթուրին՝ ծննդյան առթիվ» մակագրությամբ տորթերով այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ նման կերպ շնորհավորելով, փայտագործ, դասախոս, մանկավարժ Արթուր Սարգսյանի 48-ամյակը:
«Էսօր մենք չէինք կարող տանը նստել: Արթուրը մարդ է, ով բարի հոգի ունի, պատերազմի մասնակից է: Արցախյան պատերազմի ժամանակ հաց տանող է եղել: Հաշմանդամություն ունի, կարգ ունի, ո՞նց կարելի է մարդուն էդ արարքի համար դատել»,- «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջ լրագրողներին ասել են Արթուր Սարգսյանի ընկերները, գրում է Tert.am-ը:
Ինչ վերաբերում է Արթուրի արարքին, ընկերներն այն մարդասիրական քայլ են որակում: «Միշտ էլ ինչ-որ վտանգ պիտի անցնես, որ լավ բան անես: Ու բոլորը կասեն, որ Արթուրը ճիշտ է արել: Ուրիշ տարբերակ չկար, դրա համար»,- ասաց Արթուր Սարգսյանի ընկեր Արմեն Խաչատրյանը:
Ընկերները տարակուսած են, որ արցախյան պատերազմի մասնակցին, ով հաշմանդամության կարգ ունի, վտանգավոր են համարում հասարակության համար ու պահում բանտում: «Էդքան վտանգավո՞ր է հասարակության համար, որ բաց չեն թողնում ու խափանման միջոցը որոշել են կալանքը»,- հարց են ուղղում նրանք:
Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն ասաց, որ Արթուրը 1989 թվականից սկսած բարեգործություն է արել, արցախյան պատերազմին մասնակցելու ժամանակ ևս հաց է տարել, միշտ օգնել է, ինչով կարողացել է, բազմաթիվ ուսանողներ ու աշակերտներ ունի, որոնց հետ առանց գումարի պարապել է, ու նրանք բուհ են ընդունվել:
Արթուր Սարգսյանի ընկերներն ասացին, որ դիմելու են «Ավրորա» մրցանակաբաշխությանը՝ Արթուր Սարգսյանին ներկայացնելու մարդասերի կոչման:
Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակավորվել է: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ:
Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: