Եվրոպայի հայերի համագումարը (ԵՀՀ) հայտարարություն է տարածել 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
«Ինչպես հայտնի է, քիչ բացառություններով, Հայաստանում բոլոր ընտրությունները կայացել են լայնածավալ ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով: Երկրում տիրող կործանարար երևույթները՝ աղքատությունը, արտագաղթը, հասարակական անապահովությունը, համատարած անարդարությունը, անպատժելիությունը, կոռուպցիան և ապագայի նկատմամբ ժողովրդի անվստահությունը, սկիզբ են առնում, ընտրակեղծիքների արդյունքում ձևավորվող իշխանությամբ, երբ մի խումբ մարդիկ կամայականորեն ժողովրդին զրկում են կամարտահայտությունից և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից», - ասված է ԵՀՀ հաղորդագրությունում:
Նշվում է, որ սփյուռքը, ցավոք, անցյալում Հայաստանի պետականակերտման և ժողովրդավարացման հարցում թերագնահատելով իր դերակատարության նշանակությունը կամա, թե՝ ակամա հեռու է մնացել նշված գործընթացներում իրեն հասցեագրված պատասխանատվությունից և պարտականությունից:
Ընդգծվում է, որ նկատի առնելով Հայաստանի Հանրապետությանը և բնականաբար ամբողջ հայությանը սպառնացող արտաքին սպառնալիքներն ու ներքին մարտահրավերները, ապրիլին կայանալիք ընտրությունների նկատմամբ սփյուռքի անտարբերությունը ամբողջ հայության համար կարող է լինել ճակատագրական:Ապրիլյան չորսօրյա պատերազմի և հուլիսյան դեպքերի առիթով հրապարակած նախկին հայտարարություններում արդեն ընդգծել էինք գալիք ընտրությունների կարևոր նշանակության և այդ ընտրություններում սփյուռքի դրական դերակատարության անհրաժեշտության մասին մասնավորաբար շեշտելով, որ «Սփյուռքի մեծամասնությունը չունենալով անձնական կամ խմբակային նեղ շահեր՝ ընձեռած տեղական եւ միջազգային օրենքների սահմաններում կարող է ընտրակեղծիքների դեմ պայքարում լուրջ ներդրում ունենալ և այսպիսով օժանդակած լինել երկրի ժողովրդավարությանը և զարգացմանը»:
Ըստ Եվրոպայի հայերի համագումարի հաղորդագորթյան՝ հաշվի առնելով, որ ժողովրդի կամարտահայտությունը խոչընդոտող ընտրախախտումները տեղի չեն ունենում միմիայն ընտրությունների կայացման օրը, ուստի, անհրաժեշտ են ամբողջ ընտրական գործընթացում վերահսկողության մեխանիզմների կայացումը, սկսյալ կրթադաստիարակչական դասընթացներից միչև դիտորդական առաքելություն: Ավելին, դա կախված է նաև հասարակության բոլոր խավերի զգոնությունից, սեփական իրավունքները պաշտպանելու նրանց գիտակցությունից ու պատրաստակամությունից:
Հետևաբար, հարկավոր է հենվելով թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ միջազգային օրենքի դրույթներով մշակված ծրագրին` մասնակցել և գործնական քայլերով աջակցել մեր երկրում արդար ընտրությունների արդյունքում օրինական իշխանության ձևավորման գործընթացին:
Այս հարցի շուրջ Սփյուռքից հնչում են գործակցության առաջարկություններ և կոչեր:
Եվրոպայի հայերի համագումարը ողջունում և իր զորակցությունն է հայտարարում «Արդարադատություն Հայաստանին» (Justice Within Armenia) ստորագրահավաքի նախաձեռնությանը և հորդորում ողջախոհ մտավորականությանը և հայրենակիցներին` միանալ այս ստորագրահավաքի արշավին:
Եվրոպայի Հայերի Համագումարը ժողովրդավարական հիմքերով գործող համաեվրոպական հայկական հասարակական անկախ և ինքնուրույն կազմակերպություն լինելով` չունի ու չի հետապնդում անհատական կամ խմբակային շահ: Մեր շահը մեր ժողովրդի դարավոր իղձերի իրականացումն ու երջանկությունն է: Ընտրություններին մնացել է շուրջ վեց ամիս, օգտվենք ժամանակից իրականացնելու «ո'չ, կեղծ ընտրություններին» ծրագիրը:
ԵՀՀ-ն ընտրությունների ազատ և արդար լինելու կապակցությամբ, պատրաստ ենք լսելու և քննարկելու բոլոր գործնական և խելամիտ առաջարկները:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նախաձեռնել է «Արդարադատություն Հայաստանում» անունը կրող ստորագրահավաքը, որին միացած սփյուռքում և Հայաստանում գործունեություն ծաված այլ հայտնի հայեր հավաքականորեն հավատարմութուն են հայտնել Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության հաստատմանը: Սեպտեմբերի 21-ից է սկսվել առցանց ստորագրահավաքը: