Նահապետյան. Պահեստազորային պատրաստության նոր մոդել մշակելու և ընդունելու անհրաժեշտություն կա

Նահապետյան. Պահեստազորային պատրաստության նոր մոդել մշակելու և ընդունելու անհրաժեշտություն կա

PanARMENIAN.Net - Պահեստազորային պատրաստության նոր մոդել մշակելու և ընդունելու անհրաժեշտություն կա: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով՝ դեկտեմբերի 12-ին կազմակերպած «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:

Նահապետյանը նշել է, որ բարձր պատրաստականություն ունեցող պահեստազորը ժամանակակից մարտունակ զինված ուժերի առանցքային բաղադրիչներից է, երկրի ռազմական անվտանգության համակարգում այն ունի կարևոր դերակատարություն և համակարգում ակնկալվող բարեփոխումները պետք է ուղղված լինեն ազգային անվտանգության մարտահրավերների արագ և համարժեք արձագանքմանը, պաշտպանական կարողությունների հետագա ամրապնդմանը:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարևորել է պահեստազորի կարիքների և ռեսուրսների վերագնահատումը, պահեստազորային պատրաստության մակարդակի բարձրացումը և այդ նպատակով արդյունավետ նոր մեխանիզմների ստեղծումը:

Պահեստազորի խնդիրները Նահապետյանը երեք հիմնական խմբի է դասել՝ օրենսդրական, կառուցվածքային-ինստիտուցիոնալ և ֆինանսական: Նրա համոզմամբ՝ օրենսդրական և իրավակիրառ մակարդակում անհրաժեշտ են հավելյալ մեխանիզմներ պահեստազորային պատրաստության նոր պահանջներ սահմանելու և կիրառելու, վարժանքների, վարժական հավաքների և զորավարժությունների կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Նահապետյանը կարծիք է հայտնել, որ ապրիլյան պատերազմը վեր հանեց մի շարք խնդիրներ, որոնք կապված էին նաև հայրենիքի պաշտպան-կամավորականների՝ բանակին լիարժեք ինտեգրմանը, կառավարմանը և մարտական պատրաստականությանը: Նրա գնահատմամբ՝ այդ խնդիրների լուծումը նույնպես պահանջում է հստակ իրավակարգավորւմներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պահեստազորային պատրաստության նոր մոդել մշակելու և ընդունելու անհրաժեշտություն կա: Նրա խոսքով՝ պետք է առավել արդյունավետ կազմակերպել պարտադիր զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետագա վարժանքների իրականացումը, պահեստազորային համակարգում նրանց ինտեգրումը և բանակի հետ նրանց շարունակական կապի ապահովումը:

Այս համատեքսում Նահապետյանը կարևորել է ՏԻՄ-զինվորական կոմիսարիատներ արդյունավետ փոխգործակցությունը: Նշվել է, որ անհրաժեշտ է պահեստազորային այնպիսի համակարգ, որն ի զորու կլինի բանակի հետ արագ ինտեգրմամբ ապահովել երկրի ռազմական անվտանգությունը: Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել պայմանագրային պահեստազորային համակարգի կատարելագործումը:

«Համոզված եմ, որ պետությունն ունի արհեստավարժ պահեստազոր ունենալու համար բավարար նախադրյալներ, ուստի և միջազգային լավագույն փորձի հաշվառամբ կարող ենք ձևավորել մեր իրողություններին համահունչ ճկուն և կենսունակ պահեստազորային համակարգ»,- ընդգծել է նա:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորահավաքի հաջողության գործոնները, պահեստազորայինների պատրաստման գործընթացը, պահեստազորում ընդգրկվելու և հաշվառվելու կարգը, զինվորական վարժանքների կազմակերպումը, պահեստազորային սպաների, սերժանտների ու շարքայինների ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման գործընթացը:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում և հարցադրումներում կարևորել են խորհրդարանական լսումների անցկացումը և անդրադարձել մի շարք հարցերի, որոնք առնչվում էին պահեստազորային հավաքների կազմակերպման հաճախականությանը, ուժային կառույցների միջև համագործակցության ձևաչափերին, պահեստազորային համակարգի կատարելագործմանը միտված քայլերին: Համակարգի արդյունավետ գործունեության իրականացման և խնդիրների լուծման հարցում կարևորվել է համալիր մոտեցումը:

Քննարկումների ավարտին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ համակարգի կատարելագործումը պաշտպանության ոլորտում մեր երկրի քաղաքականության առանցքային ուղղությունն է լինելու առաջիկա տարիների ընթացքում, և այդ քաղաքանությունը պահանջում է նաև որոշակի վերանայումներ, այդ թվում նաև օրենսդրական մակարդակում: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ առաջիկա տարիներին ամբողջապես կձևավորվի պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունը, նոր և հստակ իրավակարգավորումներ կտրվեն պահեստազորային համակարգի առանձին բաղադրիչների կարգավորման հարցում:

 Ուշագրավ
Նշվում է, որ տվյալ վարորդը կազատվի իր սեփական դիմումի համաձայն
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
---