4 փետրվարի 2017 - 14:19 AMT
Զորացրվածների զինգրքույկներում գրառումների հարցով պատասխանատվության ենթարկվածներ կան

ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրել է «Թեժ գծով» ստացված՝ զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ ահազանգերը:

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ խնդիրը հանրային հնչեղություն է ստացել, հատկապես՝ հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով:

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ զորացրվում են զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով, մի շարք դեպքերում էլ ուղղակի առանց համապատասխան գրառման։

Փետրվարի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին` քննարկելով զինգրքույկներում կատարած «անվավեր» գրառումները:

Ձեռնարկվում են միջոցներ թերությունները շտկելու, սխալների կրկնվելը բացառելու ուղղությամբ՝ զինգրքույկներում ապահովելով զորացրված յուրաքանչյուր զինծառայողի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություներից օգտվելու իրավունքները հավաստող գրառումներ:

«Թեժ գծով» հնչած յուրաքանչյուր ահազանգ մանրակրկիտ ուսումնասիրվել է և առ այսօր ստացված դիմում-բողոքների վիճակագրական պատկերը հետևյալն է.զորացրված զինծառայողների կողմից զինվորական գրքույկներում 2016թ. ապրիլի 2-ից 6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցելու մասին համապատասխան գրառումների վերաբերյալ ներկայացվել է ընդամենը 75 դիմում-բողոք:

70 դիմում-բողոքներում ներկայացված հարցերը չեն հիմնավորվել, քանի որ տվյալ զորամասերի ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում մարտերին չեն ընդգրկվել, զորամասերի պաշտպանության տեղամասերում հակառակորդի կողմից գրոհներ (հարձակողական գործողություններ) չեն իրականացվել: Տվյալ զորամասերն իրականացրել են մարտական հերթապահություն, հետևաբար զինվորական գրքույկներում կատարվել են գրառումներ միայն մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ:

1 զինծառայողի վերաբերյալ, ով մասնակցել է մարտերին և պարգևատրվել է «Արիություն» մեդալով` զինվորական գրքույկում համապատասխան գրառում կատարված չի եղել:

4 զինծառայողի վերաբերյալ փաստաթղթերում հաշվառված տվյալները ճշգրտման կարիք ունեն:

Դիմում-բողոքներում արտացոլված խնդիրների ուսումնասիրման, թերությունների վերացման, մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ և որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության, պետական բուհերի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ՝ ապրիլյան գործողությունների ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների ուսման վարձի՝ օրենքով սահմանված մասնակի փոխհատուցման չափը հնարավորինս ավելացնելու նպատակով, ասվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նախարարությունը հորդորում է բոլոր զորացրված զինծառայողներին՝ զինգրքույկներում գրառումների անհամապատասխանության դեպքում դիմել ՀՀ ՊՆ «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարով: Նախարարությունը հավաստիացնում է, որ յուրաքանչյուր խախտման դեպք անհատապես կուսումնասիրվի և կստանա համապատասխան ընթացք, իսկ մինչ օրս դիմողները ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կստանան գրավոր պատասխաններ:

2016թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողի համար կատարվել է վերոնշյալ զեղչը: