6 ապրիլի 2017 - 09:55 AMT
ԵՄ-ն երիտասարդ հայ մասնագետներին կսովորեցնի անօդաչու թռչող սարքեր պատրաստել և կառավարել

Եվրամիությունը երիտասարդ հայ մասնագետներին կսովորեցնի անօդաչու թռչող սարքեր պատրաստել։ Արևելյան գործընկերության երկրներում մեկնարկել է eDrone նախագիծը («Անօդաչու թռչող սարքերի ուսումնասիրություն»), որի նպատակն է փոխացնել Արևմուտքի փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և օգնել ուսումնական կենտրոններ բացել անօդաչու թռչող սարքերի (ԱՍԹ) ուսումնասիրության և պատրաստման համար։

Նախագիծը մեկնարկել է Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում և Մոլդովայում։ 1 միլիոն արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, Digital Report-ին հղումով հայտնում է Armeniasputnik.am-ը։

Նախաձեռնությունը միավորում է ութ երկրի, չորսը՝ Եվրամիությունից (Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռումինիա), չորսն էլ՝ հետխորհրդային տարածքից (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս)։ Երեք տարի տևողություն ունեցող նախագծի ընդհանուր բյուջեն 1 միլիոն եվրո է կազմում։ Գումարը բաշխվելու է մասնակից երկրի 17 համալսարանների ու ընկերությունների միջև։ Եռամյա ծրագրի արդյունքում երկրները կմշակեն սեփական կրթական ծրագրերը և իրենց հիմքի վրա կստեղծեն անօդաչու թռչող սարքերի ուսումնասիրության կենտրոններ։

eDrone նախագծին կմասնակցի ՀՀ երկու բուհ` Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները։ Առաջինում կստեղծվի լաբորատորիա, երկրորդը կզբաղվի ծրագրի տնտեսական հիմնավորմամբ։

Հրաչյա Կարապետյանի (Պետական ճարտարագիտական համալսարան) խոսքով՝ ծրագրի նպատակն է երիտասարդ մասնագետներին սովորեցնել աշխատել անօդաչու թռչող սարքերի հետ, որպեսզի երիտասարդները կարողանան դրանք լավ կառավարել և ծանոթ լինեն կառուցվածքին։

«Մեր համալսարանը լավ հիմք ունի։ Մի քանի տարի առաջ AirArmenia ավիաընկերությունը պատրաստ էր մեզ սարքավորում տրամադրել, որը մենք կկարողանաինք օգտագործել ուսման ընթացքում։ Բայց այն ժամանակ համալսարանն ազատ տարածք չուներ` թեկուզ տարրական պայմաններով։ eDrone ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք ստեղծել լաբորատորիա, որտեղ ուսանողները կկարողանան ուսման կուրս անցնել։ Այդ նպատակով մեր համալսարանին տրամադրվել է 50 հազար եվրո։ Շուտով մենք մրցույթ կհայտարարենք անհրաժեշտ սարքավորումները գնելու համար»,-ասել է Կարապետյանը։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ երկիրը հույսեր է կարում ԱԹՍ-ի հետ. շուտով դպրոցներում նույնպես կսկսեն սովորեցնել անօդաչու թռչող սարքեր պատրաստել։

«Մենք պատրաստվում ենք դպրոցական ծրագրում ներառել «ԱԹՍ ծրագրավորում» առարկան։ Դա կավելացնի այդ համակարգերը ծրագրավորող և կառավարող մասնագետների թիվը։ Անօդաչու թռչող սարքերը շուտով անհրաժեշտ կդառնան շատ ոլորտներում», - ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նա կարծում է, որ երկիրը մեծ ապագա ունի ԱԹՍ արտադրության ոլորտում։

«Կարծում եմ՝ հինգ տարի անց Հայաստանն անօդաչու թռչող սարքեր արտադրող երկների ցանկում առաջատարներից մեկը կլինի»,- նշել է Վարդանյանը: