Փաշինյան. Ոստիկանությունը չի զննել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը

Փաշինյան. Ոստիկանությունը  չի զննել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը

PanARMENIAN.Net - Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելու դեպքից հետո ոստիկանությունն այնտեղ զննում չի իրականացրել: Այս մասին լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 11-ի երեկոյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20.000 դրամներ:

«Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։ Սա հաղորդում է հանցագործության մասին», - գրել էր նա։

Փաշինյանը հայտնել է, որ դեպքը տեսանկարել էր «Հայկական ժամանակի» լրագրող Աննա Զախարյանը: Երբ շտաբի աշխատակիցները նկատել էին նրան, խլել էին հեռախոսն ու ջնջել մի քանի տեսանյութ, բացի մեկից:

«Տեսանյութից երևում է, որ մարդիկ ցուցակով կանչվում էին, ըստ անուն-ազգանունների գումար էին ստանում, դուրս էին գալիս՝ ստանալով քվեաթերթիկ կամ դրան նման թուղթ: Ողջ գիշեր անցկացրել ենք նշված շտաբի մերձակայքում, որտեղ քննչական գործողություններ էին ընթանում: Իմ տպավորությունն է, որ ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժին, որպես այդպիսին, գոյություն չունի։ Գոյություն ունի Սամվել Ալեքսանյանի անձնական ոստիկանների խումբ, որոնք ուղղակի սնվում են պետական բյուջեից: Այդ բաժինը պետք է ցրվի, եթե ուզում ենք ունենալ ոստիկանություն», - ասել է Փաշինյանը:

Նա հավելել է. «Դեպքի վայր ժամանելու պահից ոստիկանության առաջին խնդիրը եղել է այնպես անել, որ բոլորս հեռանանք տարածքից՝ ոստիկանության բաժին գալու պատրվակով: Ուզում էին խուսափել շտաբը զննության ենթարկելուց, քանի որ մենք պահանջեցինք, որ զննվի մեր ներկայացուցչի, լրագրողի ներկայությամբ: Երբ ասացինք, որ մեր ներկայությամբ պետք է զննվի, միանգամից նրանք որոշեցին, որ սեփականատիրոջ քունը տանում է և նա պետք է գնա քնելու: Քրեական հետախուզության պետը, հսկող դատախազը, բոլորը ներկա են՝ այդ մարդն ասում է՝ ես առավոտ գործի եմ, գնում եմ քնելու, ունեմ քնելու իրավունք:

Ոստիկանությունը կնքեց տարածքը, մենք էլ մեր կնիքը դրեցինք: Գիշերը մենք այնտեղ հերթապահություն ենք իրականացրել: Ես չեմ կարող վստահ լինել, որ ներսում ինչ-որ բան կա, բայց այս գործելակերպը ցույց է տալիս, որ այն տեղ կա թաքցնելու բան»:

Լրագրողների հետ զրույցից հետո ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմում են հանձնել՝ պահանջով, որ Հանրապետական կուսակցությանն արգելվի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---