«Խնձորին հասնելու 20 եղանակ» կամ ինչպես մեկնարկեց առաջին հայկական տրիենալեն21 հուլիսի 2017 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է ժամանակակից արվեստի «Ստանդարտ-2017» առաջին տրիենալեն: Տրիենալեն բացվել է բրազիլահայ մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսով, որի գործունեությունը հսկայական ազդեցություն է ունեցել Բրազիլիայում լուսանկարչության զարգացման վրա: Գասպարյանը Սան Պաուլուում լուսանկաչության հիմնադիրներից մեկն է: Նա ոչ միայն էքսպերիմենտներ է արել լույսի հետ, նոր լուծումներ որոնել լուսանկարչության մեջ, նրա մոտ իրականության սեփական ընկալումն է ձևավորվել, որը նա ցույց է տվել իր աշխատանքների միջոցով: «Միշտ շտապելով և հոգսերով տարված մարդը չի տեսնում, չի զգում, չի նկատում այն հրաշքները, որոնք ամեն քայլափոխի են, ամեն վայրկյան և ամեն րոպե կատարվում են կյանքում»,-ասել է Գասպարյանը: Նրա լուսանկարներն առաջատար միջազգային թանգարանների մշտական հավաքածուներում են, օրինակ, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Լոնդոնի «Թեյթ Մոդեռն» պատկերասրահում, Սան Պաուլուի թանգարանում: Առաջին հայկական տրիենալեն կոչվում է «Ստանդարտ» առաջին հայկական ավանգարդային հանդեսի պատվին, որը 1924-ին հրատարակել են Մոսկվայում բանաստեղծ Եղիշե Չարենցն ու ճարտարապետներ Կարո Հալաբյանը և Միքայել Մազմանյանը: «Ստանդարտ 2017»-ը կրում է «Լեռան անալոգը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող ու պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից: Տրիենալեն մեկնարկել է Երևանում հայտնի ռուսաստանցի նկարիչներ, ամուսիններ Իլյա և էմիլիա Կաբակովների ցուցադրությամբ: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված է «Մոցարտ լսելիս խնձորին հասնելու 20 եղանակ» ինստալյացիան և «Համերգ ճանճի համար» աուդիոինստալյացիան: Կաբակովները ծնունդով ուկրաինական Դնեպրոպետրովսկից են և 80-ականների վերջից ապրում են ԱՄՆ-ում, սակայն համարվում են ամենաթանկարժեք ռուսաստանցի նկարիչները. Լոնդոնի Phillips de Pury աճուրդում «Բզեզը» նկարը 2008-ին վաճառվել է 5.8 մլն դոլարով, իսկ դրանից 2 տարի առաջ «Լյուքս համարը»՝ 4.1 մլն դոլարով:
«Մոցարտ լսելիս խնձորին հասնելու 20 եղանակ» ինստալյացիան իրենից մի մեծ սեղան է ներկայացնում, որի կենտրոնում խնձորով ափսե է դրված, որին անհնար է հասնել: Ափսեների և դանակ ու պատառաքաղի կողքին թղթեր են դրված, որտեղ քաղցած հյուրերը մտորումներն են շարադրում այն մասին, թե ինչպես կարելի է մյուսներից արագ հասնել խնձորին: Ինչպես PanARMENIAN.Net ին է խոստովանել այցելուներից մեկը՝ ուսանող, ապագա նկարիչ Հրանտ Հարությունյանը, նա վաղուց է ծանոթ Կաբակովների արվեստին, սակայն երազել անգամ չէր կարող, որ երբևէ նրանց ցուցահանդեսը կբացվի Հայաստանում: «Սա ցնցող հնարավորություն է մեզ համար՝ տեսնել Հայաստանում, թե որ ուղղությամբ է զարգանում ժամանակակից համաշխարհային արվեստը, ինչ խնդիրներ են այսօր դրված: Հուսով եմ, կստացվի նաև Գյումրի մեկնել, ցանկալի է որքան կարելի է շատ բան քաղել ցուցադրություններից», -ասել է Հարությունյանը: Հուլիսի 22-ին տրիենալեն կշարունակվի Գյումրիում, որտեղ 2 խմբակային նախագիծ կներկայացվի տեղի թանգարաններում՝ Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, ինչպես նաև Ազգային ճարտարապետության թանգարանում: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net –ին էր պատմել հայտնի քանդակագործ Միքայել Օհանջանյանը, հայ հանրությունը սկսել է ավելի լավ ընկալել ժամանակակից արվեստը, սակայն կրթվելու կարիք ունի: «Վստահ եմ, որ ցանկացած միջոցառում արդյունք տալիս է և տրիենալեն ևս իր արդյունքը կտա: Հնարավոր է՝ ցուցադրությունների այցելուները իրենք էլ ոգեշնչվեն և ցանկանան ստեղծագործել», -ասել է քանդակագործը: Տրիենալեի երկրորդ փուլը կմեկնարկի 2017-ի սեպտեմբերին: Բոլոր ցուցահանդեսները բաց կլինեն այցելուների համար մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա |