11 փետրվարի 2008 - 13:44 AMT
Հայաստանի նախագահության թեկնածուներից ոչ մեկը ինքնաբացարկ չի հայտնել
Մինչ ինքնաբացարկ հայտնելու ժամկետի լրանալը թեկնածուներից ոչ մեկը համապատասխան հայտ չի ներկայացրել ՀՀ ԿԸՀ, հաղորդում է ԿԸՀ-ի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը լրացավ փետրվարի 19-ի 18:00-ին:

Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահության 9 թեկնածուների` վարչապետ, ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանին, ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին եւ ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանին:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է քվեաթերթիկի ձեւն ու բովանդակությունը, որտեղ ընդգրկված են բոլոր 9 թեկնածուները այբբենական կարգով: Քվեաթերթիկները կտպագրվեն «Տիգրան Մեծ» տպագրատանը փետրվարի 10-16-ը: Ընդհանուր առմամբ տպագրվելու է 2 մլն 390 հազար քվեաթերթիկ, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ընտրատարածքի կտրամադրվի անհրաժեշտ քանակից 3 տոկոսով ավելի քվեաթերթիկներ:

«Սահմանադրական իրավունք միությունը» որոշակիացրել է իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների առումով: «ՍԻՄ-ը չի սատարի թեկնածուներից ոչ մեկին, շարքային անդամներն ազատ են իրենց ընտրության մեջ: Նրանք կարող են սատարել ում ցանկանան` բացառությամբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի»,-ասել է ՍԻՄ-ի նախագահ Հայկ Բաբուխանյանը, հաղորդում է elections2008.am-ը:

Հունվարի 21-ից Հայաստանում ութ քրեական գործ է հարուցվել: Քրեական գործեր են հարուցվել նախագահության թեկնածուներ Լ.Տեր-Պետրոսյանի եւ Ա.Բաղդասարյանի նախընտրական շտաբների վրա հարձակումների փաստով, Թալինում Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով, ինչպես նաեւ Արտաշատում ընտրողների հետ նրա հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Քննվում է նաեւ Երեւանում նախագահության թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբների վրա արձակած կրակոցների հետ կապված քրեական գործը: «Ուրբաթ օրը ընդդիմության կայանալիք հանրահավաքի վերաբերյալ թռուցիկներ փակցնող երեք երիտասարդներին ծեծի ենթարկելու փաստով պատրաստվում են փաստաթղթեր եւ փորձաքննություն է անցկացվում:

Ընդամենը գլխավոր դատախազության աշխատանքային խումբը, որն արձագանքում է նախընտրական արշավի ընթացքում տեղ գտած իրավախախտումներին, 34 դիմում է ստացել: 17 դեպքում որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը, 5 դեպքում` գլխավոր դատախազությունը պարզաբանումներ է տվել, եւս 9 դիմում ուսումնասիրվում են», հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազության քարտուղար Սոնա Տռուզյանը: