ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կմեկնեն հոկտեմբերի 7-ին: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Ըստ նրա, մինչ այդ համանախագահները կայցելեն Երևան, գրում է Թրենդ գործակալությունը:
«Համանախագահները տարածաշրջան են ժամանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգը քննարկելու նպատակով»,-ասել է Մամեդյարովը:
Ըստ նրա, միջնորդները երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո «ցանկանում են տրամաբանական արդյունքի հասնել և շարժել կարգավորման գործընթացը մեռյալ կետից»:
Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբիամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: