ՀՀ Կառավարության մի շարք որոշումների համաձայն՝ հոգևոր կրթական հաստատությունների տասնյակ սաներ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
Հատկապես ուսանողների դժգոհությունը հարուցած՝ ակադեմիական տարկետման իրավունքի վերացում նախատեսող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը նույնպես չի տարածվում հոգևոր կրթություն ստացողների վրա:
PanARMENIAN.Net-ը ի մի է բերել վերջին մի քանի տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատված հոգևոր ուսում ստացողների թիվը: 2015-2016 թթ տարկետում է ստացել 77 հոգի՝ հոգևորական լինելու կամ հոգևոր կրթությունը շարունակելու հիմքով:
Նույն հիմքով 2014 թվականին բանակից ազատվել են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 58 սաներ և միաբաններ:
Ստացվում է միայն հոգևորական լինելու հիմքով բանակից ազատվել է մոտ 140 հոգի: Նույն ժամանակահատվածում՝ այլ հիմքերով տարկետման իրավունքից օգտվել է գրեթե նույնքան ՀՀ քաղաքացի՝ 2014-ին՝ 34 հոգի, 2015-ին՝20, 2016-ին՝83 հոգի:
Համաձայն Մայր Աթոռի տվյալների՝ 2016 թվականին Մայր Աթոռի հոգևոր, կրթական հաստատություններում ուսանել է 295 սան, որից` 98-ը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, 81-ը՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 43-ը՝ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 31-ը՝ Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, 42-ը՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում:
Հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում բուռն քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ ընդունվեց Զինծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ի պատասխան տարկետման իրավունքի վերացումը նաև հոգևոր ուսում ստացողների վրա տարածելու պահանջին, ասաց, որ կաթողիկոսի հետ պայմանավորվածություն ունի՝ բուհերում տարկետման իրավունքի վերացման հետ միասին, իրավունքից զրկվում են նաև հոգևորականները: