Կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների երկրորդ փուլին:
«Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը», - նշել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատախան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար:
Վարչապետը տարածքային կառավարման ու զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու ջրպետկոմի նախագահին հանձնարարել է երկամսյա ժամկետում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության 2-րդ փուլի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը ԱԳ ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ազատ տնտեսական գոտու առավելությունների, առևտրային հնարավորությունների, ինչպես նաև բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով:
Կարեն Կարապետյանը Սուրեն Կարայանին հանձնարարել է աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կառավարություն:
«Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) պաշտոնական բացման արարողության ժամանակ կնքվել են մի շարք փաստաթղթեր: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ավելի վաղ ասել էր, Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացումը կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ հօգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման: