Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայաստանում ինձ տան պես եմ զգում

Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայաստանում ինձ տան պես եմ զգում

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի մեկնարկը՝ նվիրված երաժշտի 85-ամյա հոբելյանին։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով հրավիրված ասուլիսում նշել է, որ յուրաքանչյուրի համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի կողքին և հյուրընկալել նրան, առավել ևս հյուրընկալել նրա 85-ամյա հոբելյանի առթիվ։

Ինքը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, որ իր համար կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանում նման փառատոն է անցկացվում. «Ես տիկնոջս հետ միշտ սիրով եմ ժամանում Հայաստան։ Հայաստան գալով՝ ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով, և ամենակարևորը՝ հրաշալի մարդկանց ենք այստեղ հանդիպում։ Ես զգում եմ ինձ այստեղ՝ ինչպես տանը։ Ցավում եմ, որ միայն հայոց լեզվին չեմ տիրապետում»։

Պատասխանելով հայկական թեմաներով իր ստեղծագործությունների մասին լրագրողի հարցին՝ կոմպոզիտորը նշել է, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Մի քանի տարի առաջ գրել է ստեղծագործություն՝ 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

«Ամեն անգամ Հայաստանում ունկնդրում եմ իմ գործերը։ Հրաշալի դիրիժորներ ունեք, որոնց ղեկավարությամբ ներկայացվում են իմ ստեղծագործությունները, և ես նրանց շատ շնորհակալ եմ դրա համար»,- ընդգծեց մաեստրո Պենդերեցկին, կոմպոզիտոր, ով տարեկան մոտ 60 կոնցերտ է գրում և խոստովանում է, որ ծրագրերը բավականին շատ են։

Պենդերեցկուն նվիրված փառատոնը տեղի կունենա փետրվարի 13-17-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Փետրվարի 13-17-ը Երևանում անցկացվելիք փառատոնային չորս համերգների ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Ընդ որում, դրանցից շատերը Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Պենդերեցկու փառատոնն իր շուրջն է համախմբել հայաստանյան տարբեր կոլեկտիվներ. ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաև՝ արտասահմանից ժամանած անվանի մենակատարներ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---