ԱԺ-ում «Մարտի 1-ի» վերաբերյալ ԵԼՔ-ի հայտարարության նախագիծը մերժվել է

ԱԺ-ում «Մարտի 1-ի» վերաբերյալ ԵԼՔ-ի հայտարարության նախագիծը մերժվել է

PanARMENIAN.Net - ԱԺ-ում քվեարկության էր ներկայացվել «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ ԵԼՔ-ի խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։ Այն մերժվել է 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:

Հայտարարության նախագծին կողմ է քվեարկել միայն ԵԼՔ խմբակցությունը:

Վարման կարգով խոսել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը նշել է, թե իրենց դաշինքը կիսում է 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը. «Բայց ելնելով ներկայացված նախագծի տառացի մեկնաբանությունից, որտեղ իրավապահ մարմիններին ԱԺ-ի կողմից ուղղված պահանջ կա՝ որոշակի դատավարական գործողություններ կատարել որոշակի ժամկետում, տեսնում ենք Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, ուստի չենք մասնակցի քվեարկությանը», հայտնում է Panorama.am-ը։

Վարման կարգով խոսել է նաև ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նա նշել է. «Պետք է փաստել, որ ընդդիմադիրները համակերպվեցին, որ ԱԺ հայտարարության նախագծի բովանդակության հետ կապված իրենց մտահոգությունները չեն փարատվում: Այնուամենայնիվ, նաև վերջակետ փորձեմ դնել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին։ Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Քոչարյանը՝ որպես երկրի նախագահ, քրեական գործում կան, քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ անկախ մարտահրավերներից ոչ դուք ունեք պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը այստեղ նստածներից: Դրանք քրեական գործի մաս են, և դրանցով քննությունն է իրականացվում»։

2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի ցույցերը: Մի շարք բողոքի ակցիաները և հանրահավաքները մեկնարկեցին 2008 թ. փետրվարի 19-ից հետո։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10 մարդ։

Human Rights Watch-ը դատապարտել է հայկական իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար։

 Ուշագրավ
---