18 մայիսի 2018 - 10:43 AMT
Նախարար. Կաթի մթերման գինը մինչև մայիսի 25-ն անփոփոխ կմնա

Գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել խոշոր կաթնամթերք արտադրողների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև մայիսի 25-ը չվերանայել հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող գները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԳՆ նախարար Արթուր Խաչատրյանը լրագրողներին պարզաբանել է, որ ձմռան ամիսներին մթերման գները բավականին բարձր են եղել` 200-220 դրամի սահմանում։ Նախարարը հավելել է, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ «ձմեռային» գներով չեն կարող մթերել շուկայում առկա կաթն առանց վերջնական արտադրանքի գնի վերանայման։ Կաթի գնի բարձրացումը կարող է նվազեցնել Հայաստանում կաթի սպառումը և բացասական ազդեցություն ունենալ արտահանման վրա։

«Այդուհանդերձ, հաշվի առնելով կաթ արտադրողների խնդրանքը և գիտակցելով, որ կաթը հազարավոր տնային տնտեսությունների հիմնական, եթե ոչ միակ եկամտի աղբյուրն է, ՀՀ առաջին փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման արդյունքում որոշվել է որոշակի ժամանակ գնային փոփոխություններ չկատարել։ Խոսքը գները ֆիքսելու և միևնույն գնով մթերելու մասին չէ, պարզապես կաթնամթերք արտադրողները խոստացել են, ընդառաջել են մեր և կաթ արտադրողների խնդրանքին՝ մինչև ամսի 25-ը մթերման գինը պահպանել, այսինքն՝ինչ գնով որ տարբեր կաթնամթերք արտադրողները մթերել են, շարունակեն մթերել»,- հստակեցրել է գյուղատնտեսության նախարարը։

Նա հավելել է, որ այս տարին բարենպաստ է, կենդանիներն արդեն արոտում են գտնվում, շուկայում կաթի առաջարկը բավականին բարձր է։