11 ապրիլի 2008 - 19:47 AMT
Թուրքիան շանտաժի է ենթարկում Իսրայելին Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման կապակցությամբ
Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերչանը հարցապնդումով դիմել է Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի աշխատակազմին` Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին հարցի քննարկման առիթով: Իսրայելում գտնվող թուրքական խորհրդարանի պատվիրակությունը գտնում է, որ «հայկական հարցի գովազդումը շատ ցավոտ է Թուրքիայի համար»: Այդ մասին պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են Էհուդ Օլմերտի խորհրդականներ Յորամ Տուրբովիցին եւ Շալոմ Տուրգեմանին:

«Մենք գերադասում ենք, որ այդ հարցը չքննարկվի Իսրայելի խորհրդարանում, քանի որ այն կվնասի Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններին»,-նշել է թուրք պատգամավորները: Իր հերթին Տուրբովիցը նշել է, որ այդ խնդիրը պետք է լուծվի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ` պատմաբանների ներգրավմամբ: «Իսրայելը ճանաչում է Թուրքիայի հետ հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը, սակայն կան բաներ եւ խորհրդարանական նախաձեռնություններ, որոնք կապված չեն կառավարության հետ»,-գտնում է Տուրբովիցը` հավելելով, որ Իսրայելի կառավարությունը շահագրգռված չէ վատթարացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: «Ես համոզված եմ, որ Իսրայելը գիտակցում է այն բացասական նշանակությունը, որ կարող է ունենալ Հայոց ցեղասպանության հարցը երկու երկրների միջեւ կապերում»,-ասել է Մերչանը, գրում է իսրայելյան «Հաարեց» թերթը: