Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գրություններ է ուղարկել «Վեոլիա Ջուր» ընկերությանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ պահանջվելով պարզաբանումներ քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների, անհիմն ջրանջատումների, ինչպես նաև դրանց պատճառների մասին քաղաքացիներին պատշաճ չիրազեկելու հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշվում է, որ կապված վերջին օրերի ջրանջատումների հետ, Երևանից և մարզերից Պաշտպանին հասցեագրվում են բողոքներ, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ ջրամատակարարում չի իրականացնում։
«Հաշվի առնելով, որ նշված բողոքներն ու հանրային մտահոգությունները տալիս են իրավունքների զանգվածային խախտումների ենթադրության մասին հիմքեր և վկայում են հարցի հանրային նշանակության մասին, Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Վերջին օրերին լրատվամիջոցներում ու սոցցանցերում մտահոգություններ են հնչում այն մասին, որ առանց քաղաքացիներին նախապես ծանուցելու իրականացվում են ջրանջատումներ, իսկ ջրամատակարարման վերականգնման վերաբերյալ պատշաճ իրազեկում չի ապահովվում: Բացի այդ, ջրամատակարարումը վերականգնելուց հետո ծորակից կեղտաջուր է հոսում։ Ըստ բողոքների՝ բնակելի շենքերում խմելու ջրի ճնշման բավարար չլինելու պատճառով ջուրը անհրաժեշտ չափով չի բարձրանում վերևի հարկեր։ Բողոքներ են առկա նաև այն մասին, որ հնարավոր չի լինում թեժ գծի միջոցով պարզաբանումներ ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից: